Պայքարը տեղափոխվեց ավելի վճռական փուլ. Շիրակի համալսարանի ուսխորհրդի նախագահը պահանջում է հեռացված 2 դասախոսներին վերադարձնել աշխատանքի
Սկզբում պայքարը զուտ գաղափարական ֆոնի վրա էր, սակայն ռեկտոր Սահակ Մինասյանն այս ամենն անձնավորեց, և հիմա գործնական քայլեր են լինելու: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով համալսարանից դասախոսներ Գագիկ համբարյանին և Հովհաննես Խորիկյանին աշխատանքից հեռացնելու որոշման դեմ ընդվզելուն: Նա պատմեց, որ իր որոշումը փոխելու համար փորձել են ծնողների միջոցով ներազդել իր վրա և շեշտեց, որ Սահակ Մինասյանի ծրագիրը չի իրականացվել, քանի որ ծնողները հարգում են իր որոշումը:
«Սահակ Մինասյանը չհասկացավ, որ սա իր բուհը չէ, պայքարը տեղափոխվեց ավելի վճռական ու ակտիվ փուլ: Այսինքն՝ հիմա մենք կրկին ստորագրահավաք ենք իրականացնում: Մեզ միացել են ուսանողներ բոլոր 4 ֆակուլտետներից, շարժումը ծավալվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն ուսանողների հետ միասնական է և հետ քայլ չի անելու:
Մելքոնյանն ասաց, որ իրենց են միացել նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ավելին, ըստ նրա՝ ներկայումս Շիրակի համալսարանի դասախոսների և բուհի գիտական խորհրդի մեջ էլ կան խլրտումներ:
«Մարդիկ ինձ անձնական նամակով գրում են, որ իրենք մեր կողմից են, սպասում են շարժման ծավալմանը, որ անցնեն գործողությունների: Ամբիոնից էլ դասախոսներ կան, որ մեզ հետ են: Վիճակն այնպիսին է, որ շարժումն ընդլայնվում ու ծավալվում է: Երևանից են մեզ օգնելու, ուսխորհրդի նախկին ղեկավարն էլ է մեզ դիմել և այլն: Մեր ուսանողական ինքնավարումն իր դերը պատվով տանում է՝ կարողանալով ուսանողական շարժման ծավալն ապահովել»,- շարունակեց Արմեն Մելքոնյանը:
Շիրակի պետհամալսարանի գիտական խորհրդի ուսանողական կազմի ներկայացուցիչը նկատեց, որ ստորագրահավաքը 30 րոպե է, ինչ սկսել են, բայց 50-ից ավել ստորագրություն կա, որն ավելանում է:
«Այս ստորագրություններով հռչակագիր ենք ներկայացնելու: Հիմա ես ռեկտորին պահանջագիր կներկայացնեմ ուսխորհրդի նախագահի անունից՝ հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին աշխատանքի վերադարձնելու համար: Պահանջագիր է լինելու, այլ ոչ դիմում կամ խնդրագիր»,- եզրափակեց Արմեն Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ պ.գ.թ., դոցենտ, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը:










