Լեհաստանում տղամարդն աստղադիտակի օգնությամբ նկարահանել է իրեն ու իր շանը մեկուկես կմ հեռավորությունից (լուսանկարներ, տեսանյութ)
Լեհաստանի Բոբրովնիկի գյուղական համայնքում բնակվող լուսանկարիչ Քրիս Ֆրոզը տեսանյութ է հրապարակել, որն անմիջապես հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:
Տեսանյութում պատկերված է՝ ինչպես է Ֆրոզը լուսաբացին խաղում իր շան հետ: Ինչպես նշում է The Daily Mail-ը, նկարահանումն արվել է աստղադիտակի օգնությամբ՝ մեկուկես կմ հեռավորությունից:
Հատկանշական է, որ դեղնավուն կադրում տղամարդն ու նրա շունը խաղում են ծառապատ տարածքում և, չնայած օրվա ժամին, երևում է միայն զույգի ուրվածիգը, քանի որ արևը գտնվում է նրանց հետևում:
37-ամյա Ֆրոզի խոսքով՝ այս նկարահանումն անելու գաղափարը պատահաբար է ծագել իր մոտ:
«Ցուրտ առավոտ էր. նայում էի պատուհանից դուրս: Արևը պետք է ծագեր, ու հասկացա, որ այն կհայտնվի իմ բնակարանի դիմաց գտնվող բլրի հետևից: Ես ապրում եմ երեք սարերի արանքում ընկած հովտում, ահա թե ինչու ծնվելու պահից տեսնում եմ այս տեսարանը: Վերցրի աստղադիտակը և դրան միացված լուսանկարչական ապարատը, արթնացրի կնոջս ու խնդրեցի նրան գալ ու սեղմել նկարահանման կոճակը», - պատմել է նա:
Տղամարդու խոսքով՝ նկարահանումը սկսվել է առավոտյան ժամը 7:45-ին. կինը սեղմել է նկարահանման կոճակը և վերադարձել տուն, իսկ ինքը մոտ 20 րոպե խաղացել է շան հետ և արդյունքում պատրաստել տեսանյութը:













