Բարսելոնայում ցույցեր և բախումներ են տեղի ունեցել Կառլես Պուչդեմոնի ձերբակալությունից հետո

23:22 • 25.03.18

Բարսելոնայում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ պայմանավորված Գերմանիայում ինքնավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ձերբակալությամբ, որին մեղադրանք է առաջադրվել ապստամբության կազմակերպման համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչության մոտակայքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և կատալոնացի ոստիկանների միջև:

Ոստիկանների ուղղությամբ շշեր և կրակայրիչներ են նետել: Ցույցի մասնակիցները կատալոնացի ոստիկաններին «դավաճաններ» են անվանել՝ կոչ անելով նրանց չենթարկվել Իսպանիայի իշխանություններին: Նրանք փորձել են ճեղքել ոստիկանական պատը, իսկ ոստիկանները ռետինե մահակներ են գործադրել:

Բողոքի ցույց է անցկացվում նաև Բարսելոնայում Գերմանիայի հյուպատոսության դիմաց:

Ցույցերի նախաձեռնողները «Կատալոնիայի ազգային վեհաժողով» և Omnium Cultural հասարակական կազմակերպություններն են:

Նշվում է, որ այսօր Գերմանիայում ձերբակալված Պուչդեմոնը երկուշաբթի ցուցմունք կտա դատարանում:

Իսպանիայում կատալոնացի գործչին մեղադրանք է առաջադրվել ապստամբություն կազմակերպելու և պետական միջոցները ծախսելու մեջ: Առաջին մեղադրանքով նրան մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում: