Գլազգոյում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների
Մեծ Բրիտանիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Գլազգոյում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ երեխաների:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, միջադեպի հետևանքով տուժած 14-ամյա աղջկա վիճակը ծանր է գնահատվում: Ոստիկանության տվյալներով՝ մեքենայի վարորդը միտումնավոր ընթացել է երեխաների ուղղությամբ, իրավապահ մարմինները կատարվածը դիտարկում են որպես մահափորձ:
Մեքենան ընթացել է 12-14 տարեկան 5 պատանու ուղղությամբ, որոնք կանգնած են եղել մայթին: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով 15:30-ին:
14-ամյա աղջիկը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Մյուս 4-ը թեթև վնասվածքներ են ստացել:
Հաղորդումների համաձայն՝ մեքենայում միջադեպի ժամանակ վարորդից բացի նաև ուղևոր է գտնվել:










