Թալիշը պետք է հարատևի․ համայնքապետը՝ գյուղում իրականացվող աշխատանքների մասին

21:00 • 25.03.18

Արցախի Հանրապետության Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի հետևանքով Արցախից հեռացած թալիշցիներից մոտ երկու հարյուրը կրկին վերադարձել են Արցախ՝ բնակություն հաստատելով տարբեր վայրերում, մեծ մասը՝ Ալաշանում:

Tert.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց ապրիլյան պատերազմից հետո համայնքում տիրող վիճակը:

«Թալիշում այս պահին չունենք ապրող ընտանիքներ: Այնտեղ թալիշցի տղամարդիկ են աշխատում՝ շինարարությունում, բանակում և այլն»,- ասաց նա։

Երկու տարի առաջ պատերազմի հետևանքով Արցախից հեռացած թալիշցիների վերադարձը, ըստ Վիլեն Պետրոսյանի, կազմակերպվել է Արցախի իշխանության կողմից, բնակիչներն ապահովվել են մեքենաներով, որպեսզի տան գույքը կարողանան նորից տեղափոխել Արցախ:

Թալիշում հիմա, ըստ համայնքապետի, վերականգնման աշխատանքներ են տարվում.  դրանք այն ծրագրերն են, որոնք նախորդ տարվանից են կյանքի կոչվել:

«17 առանձնատների վերականգնման աշխատանքներն ավարտվել են,երկուսի շինարարությունը դեռ շարունակվում է»,- տեղեկացրեց նա: Համայնքապետի խոսքով՝ հիմա ճիշտ չի լինի, որ 17 առանձնատան բնակիչներին վերադարձնեն Թալիշ: Նա նշեց, որ հիմա Ալաշանում գործող դպրոցի անձնակազմում կան ուսուցիչներ այդ 17 առանձնատան բնակիչներից:

«Եթե, օրինակ, այդ ուսուցչուհին գնա Թալիշ, այնտեղ դպրոց չի լինելու, որովհետև աշակերտների մեծ թիվ չի լինի, իսկ Ալաշանում էլ ուսուցչի պակաս կզգացվի»,- ասաց նա՝ նշելով, որ նախատեսում են ևս 24 տուն վերականգնել, արդեն չափագրական աշխատանքներ կատարել են, դրանից հետո արդեն կբարձրացվի Թալիշը բնակեցնելու հարցը:

Հարցին ի պատասխան, թե թալիշցիները ցանկանո՞ւմ են իրականում վերադառնալ իրենց բնակավայր, Վիլեն Պետրոսյանը նշեց՝ այդ հարցի պատասխաններն այնքան էլ ստույգ չեն: «Կան ցանկացողներ, որոնց թիվը ավելի մեծ է, և կան չցանկացողներ»,- ասաց նա:

Իսկ համայնքապետի ցանկությունն այն է, որ Թալիշի մասին պատմական թելը չկտրվի: «Թալիշի պատմությունը գալիս է միջնադարից: Այդ պատմության թելն իրավունք չունի հենց այնպես կտրվել: Ի վերջո Թալիշը պետք է գոյատևի, հարատևի: Չեմ կարող ասել՝ ինչ կարգավիճակով, բայց հենց այնպես չէ, որ այդ պատմական վայրը մնացել է մեր ձեռքը: Մեր գյուղը մեր ձեռքում է, մեր հսկողության տակ է: Եվ այնպես չէ, որ ամեն ինչ վերջացել է»,- ասաց նա: 

Վիլեն Պետրոսյանի խոսքով՝ այնպես չէ իհարկե, որ թշնամու կողմից սադրանքների վախ չկա թալիշցիների շրջանում, բայց այնպես էլ չէ, որ այդ վախը նախկինում էլ չի եղել: 

«Այնպես չէր, որ այն ժամանակ Թալիշի անվտանգությունը հարյուր տոկոսանոց էր, այսօր էլ՝ չկա: Այն ժամանակ էլ վտանգավոր էր: Այսօր չկա մի հատված, որ հարյուր տոկոսանոց անվտանգ է՝ լինի ճակատային գիծ, թե դրանից հեռու հատված: Բայց այսօր նաև այդ անվտանգության համար երաշխիք են այն սարքավորումները, որոնք դրված են սահմանին․ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բնակչությունն այնքան չէր վախեցել հրետանուց, որքան դիվերսիոն խմբից, որ թափանցել էր թիկունք և խաղաղ բնակիչների էր սպանել: Կա նաև առավել կարևոր մի հանգամանք, որ Թալիշ վերադառնանք՝ մեր տներն այնտեղ են, մեր մտերիմների գերեզմաններն այնտեղ են: Դժվար կլինի, բայց մեր տունն է այնտեղ»,- ասաց նա: