ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը դեմ է Թրամփին պաշտոնանկ անելու գաղափարին

15:42 • 26.03.18

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջիմի Քարտերը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ բացասաբար է վերաբերում գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու գաղափարին:

«Ես կնախընտրեի, որ նրա նկատմամբ պաշտոնանկության գործընթաց չսկսվեր և որ նա կարողանար աշխատել իր պաշտոնավարման ամբողջ ժամկետի ընթացքում, քանի որ կարծում եմ, որ նա ցանկանում է լավ աշխատանք կատարել: Հնարավորության դեպքում կցանկանայի օգնել նրան»,-հայտարարել է ԱՄՆ 39-րդ նախագահը՝ հավելելով, որ Թրամփը, հավանաբար, կպաշտոնավարի ամբողջական ժամկետ, եթե, իհարկե, 2016թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցի հետաքննությամբ զբաղվող դատախազ Ռոբերտ Մյուլերը նրա դեմ մեղադրանք չառաջադրի:

Հիշեցնենք, որ Թրամփի ընտրվելուց հետո ամերիկյան հետախուզական ծառայությունները Ռուսաստանին մեղադրել են ընտրություններին հօգուտ Թրամփի հաղթանակի միջամտելու համար:

Հայտնի է, որ այս մեղադրանքները հերքել են և՛ Թրամփը, և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: