Սեփական կեղտաջրերը մաքրելու փոխարեն սահմանափակում են մամուլը. Քննարկում (տեսանյութ)

12:04 • 26.03.18

Պետք է ընդվզել, պայքարել իրավունքների համար, երբեք մամուլի ազատությունը սկուտեղի վրա չեն բերելու տալ, առավելևս Հայաստանի նման երկրում: Այս մասին այսօր ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Մամուլի առաջ փակվող դռները» թեմայով քննարկման ժամանակ՝ խոսելով Երևանի ավագանու լրագրողների աշխատանքները սահմանափակելու օրենքի մասին:

«Իշխանությունները չկարողանալով լուծել լուրջ խնդիրներ, որպես մեղավոր ընտրում են մամուլը, լրագրողներին»,- ասաց նա և նշեց, որ ավագանու միջադեպը հանգեցրեց նրան, որ մամուլի աշխատանքը սահմանափակվեց:

«Փոխանակ սեփական կեղտաջրերը մաքրեն, լուրջ խնդիրները լուծեն սահմանափակում են մամուլը և շարունակում են աշխատել այնպես, ինչպես աշխատում էին:  Փակ աշխատելը դարձել է գործելաոճ»,- ասաց նա: Ըստ՝ Աշոտ Մելիքյանի այդ  սահմանափակման վերաբերյալ քաղաքական որոշումը վերնախավում արդեն ընդունված էր ավելի վաղ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը նկատեց, որ ցանկացած օրենք կարող է մեկ օրում մտնել Ազգային ժողով և ընդունվել:

«Սա նշանակում է, որ ցանկացած նախաձեռնություն, որ մտնում է Ազգային ժողով կյանքի է կոչվում և որևէ հանրային քննարկում անցկացնելու հնարավորություն չկա, ինչ որ տեղի ունեցավ այս օրենքի հարցում, հենց այս մասին է խոսում»,-ասաց նա և նշեց, որ այս ամենով նսեմացվում է քաղհասարակության դերը:

«Այստեղ ուզում եմ բարձրացնել Ազգային ժողովի թասիբի հարցը»,-ասաց նա: Շուշան Դոդոյանը նշեց, որ իրենք պայքարի մեթոդներ են նախատեսել, որոնք չցանկացավ բարձրաձայնել, սակայն վստահեցրեց, որ խնդիրը պետք է հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Մարդու իրավունքների և եվրոպական կոնվենցիայի հետ կապված հակասություններ կան, քանի որ օրենքը օրինական նպատակ չունի և ամենակարևորը՝ հասարակական պահանջ չկա այդ փոփոխության համար:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության  անդամ Արայիկ Հարությունյանը նկատեց, որ ավագանու նիստերում մամուլի առկայությունը փոխել է նիստերի որակը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ սահմանափակումները  միջադեպերը չներկայացնելու համար է արվում:

«Շատ մտահոգիչ էր, թե ինչպես ընդունվեց օրենքի փոփոխությունը, ավագանու անդամներին նույնիսկ չեն տեղեկացրել: Դա արվել էր ընդամենը ժամերի ընթացքում: Բոլոր քննարկումների ժամանակ, երբ իշխանությանն ասում էինք, թե օրենք եք խախտում, իրենք ասում էին, թե ամբողջը տեղական ինքնակառավարման մարմինների օրենքի շրջանակում են անում, սակայն իրենք էլ գիտեն, որ խախտում են անում սահմանափակելով լրագրողների իրավունքը»,-ասաց նա:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ ասաց, որ Հայաստանում խորացվում է ավտորիտար ճանապարհը և սա այդ ճանապարհի հերթական քայլն է: «Խոսքը լրագրողների իրավունքների մասին չէ, այլ հասարակության տեղեկացված իրավունքի սահմանափակման մասին է»,- ասաց նա և նշեց, որ ավագանու  միջադեպը ընդամենը պատրվակ էր նիստերի դահլիճ լրագրողների մուտքը փակելու համար,  քանի որ միտումը վաղուց էր նկատվում:

«Իշխանություններն իրենց դեմքը կարգի բերելու փոխարեն, հայելին են կոտրում: Այս հարցում լրատվամիջոցները պետք է պայքարեն, սակայն առաջնահերթ պետք է պայքարի հասարակությունը»,-ասաց նա: Քաղաքագետը մյուս կողմից կարծում է, որ այս որոշումը կարող է նաև դրական լինել լրատվամիջոցների համար և դրանք ավելի հետաքրքիր ու լուրջ կաշխատեն: