Եգիպտոսում անցկացվում են նախագահական ընտրություններ
Եգիպտոսում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, դրանք կտևեն մինչև մարտի 28-ը, գրում է interfax.ru-ն։
Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 2 թեկնածու՝ գործող նախագահ, 63-ամյա Աբդել Ֆաթահ աս-Սիսին և «Ալ Գադ» կուսակցության 65-ամյա ղեկավար Մուսա Մուստաֆա Մուսան։
Եգիպտոսում այս նախագահական ընտրությունները կդառնան երրորդը 2011 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից ի վեր, որի ժամանակ Հոսնի Մուբարաքը, որը ղեկավարում էր երկիրը 1981 թվականից, զրկվեց իշխանությունից։
Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար հարկավոր է 51% ձայն։
Նախորդ ընտրությունները կայացել են 2014 թվականին։ Այդ ժամանակ աս-Սիսին հավաքել էր մոտ 97% ձայն։










