Կոտրում էին ապակիներն ու ցած նետվում. ականատեսները պատմել են Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին (տեսանյութ)

10:15 • 26.03.18

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ականատեսները պատմել են 53 մարդու կյանք խլած ողբերգության մանրամասները:

Ինչպես նշում է ria.ru-ն, ականատեսներից մեկը, որը հրդեհի ժամանակ հարազատների հետ առևտրի կենտրոնի կինոթատրոնում է գտնվել, Instagram-ի իր էջում պատմել է, որ որևէ մեկը չի կազմակերպել մարդկանց տարհանման գործընթացը, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:

«Սեանսի կեսին դուռը բացվեց ու կիսախավարի միջից լսվեց՝ «հրդե՛հ, հրդե՛հ»: Կինոդահլիճում լույսն այդպես էլ չմիացրին, հրդեհի տագնապի ազդանշանի ձայնը չէր լսվում: Ամբոխն առաջ վազեց նեղլիկ դռների արանքով: Երկրորդ մուտքը, չգիտես ինչու, չբացեցին»,- գրել է նա:

Նշվում է, որ մարդկանց մոտ խուճապ է սկսվել, նրանք շտապել են ցած իջնել, ինչի հետևանքով հրմշտոց է սկսվել:

Առևտրի կենտրոնի որոշ այցելուներ, տեղեկանալով, որ կինոդահլիճներից մեկում երեխաներ են մնացել, փորձել են օգնության հասնել նրանց: Սակայն ծխի խտությունը թույլ չի տվել նրանց առաջանալ:

Ականատեսներից մյուսի խոսքով՝ կրակի էպիկենտրոնում հայտնված կինոթատրոնների դռները փակ են եղել, ինչի հետևանքով մարդիկ չեն կարողացել դուրս գալ:

«Մարդիկ կոտրում էին պատուհանների ապակիներն ու ցած նետվում: Տնօրինության կողմից որևէ մեկը չէր հայտարարում հրդեհի մասին: Տագնապի ազդանշանի որևէ ձայն չէր լսվում: Նույնիսկ առաջին հարկում գտնվող տարհանման համար նախատեսված դռները փակ էին: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես մեզ հաջողվեց դուրս պրծնել հրե թակարդից»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա:

Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք 48-ն են: Մինչդեռ անհետ կորած է համարվում 69 մարդ՝ այդ թվում 41 երեխա:

Հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:

Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: