Մտադրություն չունենք ՔՊ-ին խանգարել, մեր կողմից վարչապետի թեկնածու առաջադրելուն էլ ժամանակ կա՝ կորոշենք. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

12:35 • 26.03.18

Մենք չենք հավատում այն քարտեզին, որը մեզ ներկայացվել էր ի սկզբանե. այսօր ԱԺ ճեպազրույցներին ժամին տեղեկացրեց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Ելքի» մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ փողոցային պայքար սկսելու առաջարկին:

«Այս պահին չենք պատրաստվում միանալ, մեր գործընկերներն ամբողջ սրտով հավատում ենք, որ կարող են փոխել այդ ճանապարհային քարտեզով»,-ասաց նա և հավելեց, որ ճանապարհային քարտեզը հիմա փոփոխությունների է ենթարկվել, բայց իրենք դրանցից տեղյակ չեն:

Հիշեցնենք, որ դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագիրը» առանձին պայքար է սկսում նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ, մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» դեմ են ներկայացված ճանապարհային քարտեզին:

Գևորգ Գորգիսյանն այդուհանդերձ շեշտեց, որ իրենք Սերժ Սարգսյանի կառավարման և ընդհանրապես Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման դեմ պայքարում են իրենց ստեղծված օրվանից: «Ամեն մարդ, ով անդամակցում է «Ելքի» կուսակցություններից մեկին, ամեն մի գրասենյակի բացում պայքար է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի մենիշխանության դեմ: Այս ճանապարհով մենք կարող ենք հասնել իշխանափոխության, ես դրան հավատում եմ, ամեն մի անդամակցողը մեկն է, ով չի քվեարկելու ՀՀԿ-ին»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում իշխանափոխություն չի լինի, Գորգիսյանն արձագանքեց, թե դա կախված է նաև լրատվամիջոցների աշխատանքից, ընդդիմադիրների գործունեության լուսաբանումից:

Հարցին, թե որն է եղել 3 կուսակցությունների առաջ քաշած գլոբալ խնդիրների միջև տարբերությունը, Գորգիսյանն ասաց, որ չի կարող մանրամասնել, սակայն հավելեց. «Գլոբալ մոտեցումների տարբերությունը՝ մենք ասել ենք, որ անձերի դեմ պայքար չենք ընդունելու, պետք է ինստիտուցիոնալ գործունեություն ծավալել։ Մեր ծրագիրը մեր թեկնածուին ու ծրագրին սատարելու միջոցառումներ էր ենթադրում, նույն կոնցեպտն ուներ նաև «Հանրապետություն» կուսակցությունը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելքի» մաս կազմող և փողոցային պայքարին դեմ երկու կուսակցությունները որոշեն միասին առաջադրել վարչապետի թեկնածու՝ համապատասխան ծրագրով, պատգամավորն արձագանքեց. «Դեռ կքննարկենք, հիմա քանի դեռ կա առանձին ՔՊ-ի գործունեությունը, մենք մտադրություն ունենք չխանգարել, զուգահեռաբար հիմա չենք ծավալի, վարչապետի թեկնածու առաջադրելուն ժամանակ կա, և չենք էլ քննարկել այս իրավիճակում: Տեսնենք՝ զարգացումներն ինչպիսին են լինելու, կորոշենք»,-ասաց նա

Դիտարկմանը, թե «Բարգավաճ Հայաստանն» էլ է ասում, որ ինստիտուցիոնալ պայքար է հարկավոր, ոչ թե պայքար անձերի դեմ, Գորգիսյանն ընդգծեց, թե նրանք երբեք ռեալ ընդդիմադիր գործունեությամբ չեն զբաղվել:

«Մենք երբեք չենք խոստացել մեր ընտրողներին, որ հեղաշրջում կամ հեղափոխություն ենք անելու, մենք խոստացել ենք իրենց ձայները պահպանել ու բարձրացնել իրենց մտահոգող բոլոր խնդիրները, մենք դրանով զբաղվում ենք ամեն օր»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ դեր ունի նախագահ Սերժ Սարգսյանն այս համակարգի մեջ, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Ունի շատ լուրջ նշանակություն այդ ամենի մեջ, բայց քանի որ ունեն ստեղծված համակարգ, ես չեմ կարծում, որ փոխելով ինչ-որ այլ ՀՀԿ-ականով՝ ինչ-որ բան կարող է փոխվել, ինձ համար ՀՀԿ-ում չկա վարչապետության որևէ ցանկալի թեկնածու, իմ համար վարչապետի թեկնածուն մեր թիմի անդամներից է»:

Գևորգ Գորգիսյանն ավելացրեց, որ իրենք աշխատում են՝ գիտակցելով իրենց դաշինքի գործունեության կարևորությունը։