Իսրայելի ոստիկանությունը երկրորդ անգամ հարցաքննել է Նեթանյահուին կոռուպցիոն գործի շրջանակում
Իսրայելի ոստիկանությունը երկուշաբթի հարցաքննել է վարչապետ Բինյամին Նեթանյահուին՝ երկրի ամենախոշոր հեռահաղորդակցային ընկերության հետ նրա ենթադրյալ գործարքների առնչությամբ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելական ռադիոյին:
Սա վարչապետի երկրորդ հարցաքննություն է: Նա կասկածվում է «Բեզեք Թելեքոմ» ընկերությանն արտոնություններ տալու համար՝ ընկերության սեփականատիրոջ հսկողության տակ գտնվող լրատվական կայքում դրական լուսաբանման դիմաց:
Նեթանյահուն հերքում է մեղադրանքները:
Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Նեթանյահուի կինն ու որդին նույնպես կհարցաքննվեն «Բեզեք» ընկերության սեփականատիրոջ և նրա կնոջ հետ իրենց հարաբերությունների առնչությամբ:
Լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունն այցելել է Նեթանյահուի նստավայր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիոն գործի շրջանակում առաջին անգամ հարցաքննել է վարչապետ Բինյամին Նեթանյահուին:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն որպես կասկածյալ է ներգրավված նաև «գործ 1000» և «գործ 2000» կոչվող երկու գործի շրջանակում:
Իրավապահ մարմինները գործերից մեկով հետաքննում են վարչապետի կողմից գործարարներից ավելի քան 280 հազար դոլարի թանկարժեք նվերներ ստանալու հանգամանքը:
Երկրորդ գործը կապված է Իսրայելի վարչապետի փորձերի հետ՝ պայմանավորվել երկրում ամենախոշոր թերթերից «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատիրոջ հետ՝ կառավարության գործունեությունը բարենպաստ կերպով լուսաբանելու համար: Ոստիկանության վարկածով՝ դրա դիմաց Նեթանյահուն առաջարկում էր ընդունել օրենք, որը կսահմանափակեր թերթի հրմնական մրցակցի՝ «Իսրայել Հայոմի» հնարավորությունները:










