Մեծ Բրիտանիայում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը մեղադրվում է մանկապիղծների «զոհերին» լռեցնելու համար
Ավելի քան 100 մարդ դիմել է բրիտանական The Guardian պարբերականին՝ պատմելով Մեծ Բրիտանիայի տարածքում գործող «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության տարբեր համայնքներում մանկապղծության բազմաթիվ դեպքերի մասին:
Կազմակերպության նախկին և գործող անդամները, որոնցից 41-ը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների զոհ են, բացահայտել են, որ իրենց աղանդավորական համայնքներում կիրառվում է մի պրակտիկա, համաձայն որի կազմակերպության բարձրաստիճան անդամները կոծկում են մանկապղծության դեպքերը, լռեցնում զոհերին՝ սպառնալով վտարել կազմակերպությունից ու ներշնչելով, որ խնդրի մասին բարձրաձայնելու դեպքում նրանք կարատավորեն Եհովայի անունը:
The Guardian պարբերականի անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ երեխաների նկատմամբ ապօրինի գործողությունները տեղի են ունեցել տասնամյակներ շարունակ ու շարունակվում են առ այսօր: Տուժածներից շատերը դիմել են ոստիկանություն:
Նշվում է, որ «Եհովայի վկաներ»-ն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ երեխաների բարօրությունն իրենց կազմակերպության համար առաջնային է: Նշվել է նաև, որ կազմակերպության ներսում մանկապղծության դեպքերի հետաքննությամբ զբաղվող հատուկ անձինք կզբաղվեն ամեն մի մեղադրանքի մանրակրկիտ հետաքննությամբ:










