Լոնդոնը կալանքի օրդեր է տրամադրել կասկածելի ծագման ռուսական գույքի համար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը, ով այցով գտնվում է Էստոնիայում, հայտարարել է, որ իշխանությունները «Սկրիպալի գործի» առնչությամբ արդեն օրդերներ են տրամադրել կասկածելի ծագման ռուսական գույքի կալանքի համար: Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով լրագրողների հարցին կասկածելի ծագման ռուսական գույքի նկատմամբ Մեծ Բրիտանիայի քայլերի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուիլյամսոնի խոսքերով՝ նա խորապես հուզված է բարդ իրավիճակում դաշնակիցների աջակցությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը որոշում է կայացրել 60 ռուս դիվանագետի արտաքսման և Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման մասին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համերաշխության: ԱՄՆ-ն արտաքսում է ՌԴ դիվանագիտական առաքելությունների 48 աշխատակիցների և ՄԱԿ-ում առաքելության ևս 12 աշխատակցի:
Ռուս դիվանագետների արտաքսման մասին են հայտարարել նաև Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Դանիան:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության 28 անդամ երկրներից 14-ը որոշել են արտաքսել ՌԴ դիվանագետներին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Լոնդոնի հետ համերաշխության: Տուսկի խոսքերով՝ առաջիկա օրերին և շաբաթներին չեն բացառվում լրացուցիչ քայլեր, այդ թվում՝ նոր արտաքսումներ:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի դրանից, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










