Մահացել է «МММ» ֆինանսական բուրգի հիմնադիր Սերգեյ Մավրոդին

14:16 • 26.03.18

Մոսկվայում 62 տարեկանում մահացել է «МММ» ֆինանսական բուրգի հիմնադիր Սերգեյ Մավրոդին, հայտնում է «Московский комсомолец»-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Մավրոդին հոսպիտալացվել է լույս մարտի 26-ին Պոլիկարպովի փողոցի ավտոբուսային կանգառից: Նա դժգոհել է թուլությունից և սրտի շրջանում ցավերից:

Նրա համար շտապօգնություն է կանչել անցորդներից մեկը: Նա հոսպիտալացվել է 67-րդ հիվանդանոց, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Սերգեյ Մավրոդին ստեղծել է «МММ» ընկերությունը 1992 թվականին: Այն արագ տարածում է գտել և դարձել է Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական բուրգը: Դրա անդամների եկամուտը վճարվում էր հաճախորդների մուտքավճարներից, իսկ երբ հաճախորդների հոսքը դադարեց աճել, վճարումները սկսեցին չիրականացվել: Տարբեր գնահատականներով՝ ընկերությունից տուժածների թիվը հասել է 10-15 միլիոնի:

2007 թվականին Մավրոդին 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար: Նա այդ ժամկետն անց է կացրել նախնական կալանքի ընթացքում՝ մինչ ընթանում էր քննությունը: