Ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում է կայացրել ԵՄ 14 երկիր. Տուսկ
Եվրամիության 28 անդամ երկրներից 14-ը որոշել է արտաքսել ՌԴ դիվանագետներին՝ ի նշան «Սկրիպալի գործով» Լոնդոնի հետ համերաշխության: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդեն այսօր ԵՄ 14 երկիր որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին»,- ասել է նա լրագրողներին:
Տուսկը չի նշել այդ որոշումը կայացրած ԵՄ երկրները, ինչպես նաև արտաքսվող դիվանագետների թիվը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն և մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Նիդեռլանդները, Դանիան:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:










