ՌԴ-ն Արևմուտքի հետ սառը պատերազմ վարելու որևէ ռեսուրս չունի, հետևաբար մենք անհանգստանալու խնդիր չունենք. Ա. Ղազինյան

21:27 • 27.03.18

Արևմուտք-Ռուսաստան առճակատումը, հարաբերությունների վատթարացումը, որքան էլ խորը, սրընթաց ու տևական լինի, որևէ կերպ չի կարող անդրադառնալ Հայաստանի վրա։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը՝ փաստելով, որ այս առճակատումը երկկողմ հարաբերությունների ձևաչափում է տեղի ունենում:

«Նրանց երկկողմ հարաբերությունների խնդիրներն են, և Արևմուտքը կոնսոլիդացվել է ընդդեմ մեկ միասնական մարտահրավերի: Այն, որ Միացյալ Թագավորությունը կոչ է արել եվրոպական և մյուս երկրներին միանալ Ռուսաստանի դիվանագետների արտաքսման մասին իրենց դիրքորոշմանը, յուրօրինակ մեսիջ էր իրենց ՆԱՏՕ-ի գործընկերներին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը միասնական է արտաքին մարտահրավերների հարցում, ի վիճակի է որդեգրել մեկ միասնական մոտեցում: Եվ շատ երկրներ, որտեղ կան բազում ՌԴ դիվանագետներ, հենց այս պատճառով էլ դիրքորոշմանը միացան զուտ խորհրդանշական կարգով՝ ընդամենը 1-2 դիվանագետ արտաքսելով»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Սկրիպալների թունավորումից հետո ծագած միջազգային սկանդալի արդյունքում ԵՄ 14 երկիր, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան ու Ուկրաինան, ի նշան համերաշխության, հայտարարել են իրենց մայրաքաղաքներից ՌԴ դիվանագետներին արտաքսելու մտադրության մասին։ ՌԴ արտգործնախարարության տեսակետը բարձրաձայնած Մարինա Զախարովայի հայտարարության համաձայն` կլինի հայելային պատասխան՝ այդ երկրների դիվանագետներն էլ կարտաքսվեն ՌԴ-ից:

Հարցին, թե միգուցե այս միացյալ դիրքորոշումը ստիպի՞ ռուսական կողմին ՀՀ- ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի առումով խութեր ու գլխացավանք առաջացնել, Արթուր Ղազինյանը համոզմունք հայտնեց, որ ոչ:

«Այդ համաձայնագիրը որևէ աշխարհաքաղաքական նշանակություն չունի, այն զուտ վերաբերում է ՀՀ-ԵՄ երկկողմ ձևաչափում Հայաստանի ներսում իրականացվելիք ոլորտային բարեփոխումներին, ԵՄ-ի՝ այդ բարեփոխումներին աջակցելու հնարավորություններին ու ուղենիշների սահմանմանը:

Այսինքն, նրա խոսքով, համաձայնագիրը Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշմանն առնչվող հարցերում չի նշանավորում՝ չնայած այս համաձայնագիրը նախկին Ասոցացման համաձայնագրի հետ համեմատելու որոշ փորձերի:

Շատ հայաստանցիների՝ այդ թվում նրանց, ովքեր ապրել են Խորհրդային Միությունում և հիշում են «երկաթյա վարագույրը», Արևմուտք-Ռուսաստան առճակատումն ինչ-որ չափով անհանգստացնում է, մանավանդ, որ զարգացումները դեռ առջևում են, իսկ դրանք կարող են ձնագնդի էֆեկտ ունենալ:

Այս դիտարկմանն ի պատասխան Արթուր Ղազինյանը նկատեց, որ Ռուսաստանը Սովետական Միություն չէ, և լայնամասշտաբ սառը պատերազմ վարելու նախկին ռեսուրսը չունի: Եվ այն, ինչ տեղի է ունենում, առավելապես ՌԴ իշխանություն-ՌԴ հասարակություն պլատֆորմի ձևավորումն է՝ ընդդեմ արտաքին թշնամու կերպարի, որի համար պետք է համախմբվել պետության լիդերի շուրջ:

Հետևաբար՝ Արթուր Ղազինյանը մի փոքր անհավանական է համարում սցենարը, որ սա Արևմուտք-ՌԴ ուղիղ առճակատման հանգեցնելիք՝ շատ հեռուն գնացող գործընթաց է լինելու:

«Այնպես որ, թող մարդիկ հանգիստ լինեն. Հայաստանն իր ընտրությունը կատարել է՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, և ռազմական անվտանգության ոլորտում համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ: Կարծում եմ՝ անիմաստ է խոսել նաև ռազմական բախման հնարավորությունների մասին, որովհետև ՌԴ բյուջեին նայելիս ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում սպառազինությունների մրցավազքի և չի պատրաստվում լայնամասշտաբ ռազմական գործողությունների որևէ պետության դեմ: Դրա հնարավորությունը չունի ՌԴ-ն, բավական ծանր վիճակում է գտնվում, իսկ այդ վիճակում պատերազմներ չեն սկսում: Հակառակը, նորից եմ ասում՝ փորձում են իշխանություն-հասարակություն կոնսենսուս ձևավորել»,-ամփոփեց Արթուր Ղազինյանը: