Ասյա Խաչատրյանին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու մասին տեղեկություններն ուսումնասիրվում են. Արցախի ոստիկանություն

11:16 • 27.03.18

Արցախում ընկերուհու հետ աշխատող ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ իրավական կամայականությունների, նրան պատեհ-անպատեհ ոստիկանություն հրավիրելու, ապտակելու և հայհոյելու մասին համացանցում զետեղված բոլոր նյութերն ուսումնասիրվում են, ինչից հետո օրենքով սահմանված կարգով կորոշվի` ինչ ընթացք տալ գործին:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը:

Հարցին, թե ծառայողական քննություն կատարվո՞ւմ է, Արցախի Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ նյութերի իսկությունը ստուգելուց հետո միայն այս հարցը կորոշվի:

Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն է ստացել Ասյա Խաչատրյանի մասին նյութը, որտեղ պատմվում է, որ աղջիկը Արցախի ոստիկանների ուշադրության դաշտում հայտնվել է փողոցում ծխելու ու մազերը կապույտ ներկելու պատճառով:

Այս կապակցությամբ Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս հարցը ես անպայման կբարձրացնեմ ԱԺ առաջիկա նիստում և կպահանջեմ, որ ԱԺ-ին պարզաբանումներ տա Արցախի ոստիկանապետը:

Այն, որ «Արցախի Ոստիկանություն» և «օրենք» հասկացություններն օր օրի իրարից հեռանում են՝ փաստ է: Բայց փորձենք հասկանալ՝ ո՞րն է այս ամենաթողության հիմքը, այս ի՞նչ սեր է հայտնվել ոստիկանության մոտ մարդկանց մազերի ձևի, գույնի նկատմամբ»: