Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնում հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել մարտի 19-ից. ՌԴ ՔԿ

11:36 • 27.03.18

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում, որտեղ մարտի 25-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել մարտի 19-ից, ու որևէ մեկը չի զբաղվել դրա նորոգմամբ:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը:

«Ամսի 19-ից նրանց մոտ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել, և ոչ ոք դրա նորոգմամբ չի զբաղվել»,-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ասել է Բաստրիկինը:

Միևնույն ժամանակ, պաշտոնյան հավելել է, որ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը հրդեհի բռնկումից հետո չի միացրել ահազանգի ծանուցման համակարգը, որը սարքին է եղել:

«Մենք չենք կարող սրան խելամիտ բացատրություն տալ, սա ինչ-որ անպատրաստ մարդ է»,-շարունակել է Բաստրիկինը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո քաղաք ու հրդեհի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել:

Խոսելով բազմաթիվ երեխաների կյանք խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:

«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն, կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը: