Ոչ թե լացել, այլ բարձրաձայն հեկեկալ ես ուզում. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով մարտի 25-ին Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքին, նշել է, որ զոհված երեխաների թվի մասին մտածելիս ուզում է ոչ թե լացել, այլ բարձր հեկեկալ, գրում է life.ru-ն:
«Երբ խոսում են զոհված երեխաների թվի մասին, առաջին զգացողությունը, որ ունենում եմ՝ ոչ թե լացելու, այլ բարձր հեկեկալու ցանկությունն է»,-ասել է նախագահն Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովի՝ հրդեհի հետևանքների վերացման աշխատանքների մասին զեկույցը լսելուց հետո:
Հրդեհի առնչությամբ Կեմերովոյում անցկացրած խորհրդակցության ժամանակ Պուտինը Պուչկովից տեղեկացել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փլատակների տակից դուրս է բերվել 58 դի:
Պուչկովը հավելել է, որ ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, իսկ Պուտինը հակիրճ պատասխանել է՝ «Էլ ինչ աշխատանք, մարդիկ են մահացել՝ 64 մարդ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո քաղաք ու հրդեհի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Խոսելով բազմաթիվ երեխաների կյանք խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:
«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն, կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը:










