Ռոհանին հայտարարել է, որ պատրաստվում է նավթագազային համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստվում է Բաքու պաշտոնական այցի ընթացքում նավթագազային ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին Թեհրանի օդանավակայանում՝ Աշխաբադ թռիչքից առաջ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
Ռոհանին նաև կոչ է արել խորացնել կապերը հարևան երկրների հետ:
Իրանի նախագահն իր տարածաշրջանային շրջագայության շրջանակում այսօր մեկնում է Թուրքմենստան, իսկ չորեքշաբթի կժամանի Ադրբեջան:
Ավելի վաղ Իրանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարել Կասպից ծովում նավթահանքերի մշակման հարցում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի պայմանների շուրջ:










