Կեմերովոյում հրդեհի գործով ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործով ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել: Այդ մասին հայտնում է ntv.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին:
Ինչպես հայտնում է գերատեսչությունը, Քննչական կոմիտեն կխնդրի դատարանին կալանավորել քրեական գործով ներգրավված հինգ անձանց:
«Շուտով նրանք կտեղափոխվեն դատարան՝ խափանման միջոցն ընտրելու մասին հարցը որոշելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Հրդեհի գործով ձերբակալվել է հինգ մարդ: Նրանց թվում են շենքի սեփականատեր ընկերության տեխնիկական տնօրենը, շինության վարձակալը, հրշեջ-ազդանշանային համակարգի ծառայությամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցը և ղեկավարը, անվտանգության աշխատակիցը, որը հրդեհի մասին ահազանգի ժամանակ անջատել է համակարգը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:










