Կիմ Չեն Ընը չհայտարարված պետական այցով ժամանել է Չինաստան. The Guardian

10:20 • 27.03.18

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չհայտարարված պետական այցով ժամանել է Պեկին, հայտնում է The Guardian-ը՝ նկատելով, որ սա Կիմ Չեն Ընի՝ 2011թ. երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին օտարերկրյա այցն է:

Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, քաջատեղյակ աղբյուրներին հղումով, տեղեկացրել են, որ Կիմ Չեն Ընը Պեկին է ժամանել մարտի 24-ին՝ հատուկ գնացքով:

Սակայն Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ այցի մասին տեղեկություն չունի:

Նշվում է, որ Կիմ Չեն Ընի այցի կապակցությամբ ուժեղացվել է Պեկինում նրա կեցավայրի անվտանգությունը, հարակից տարածքներում գտնվող հյուրանոցներում արգելվել է համարների ամրագրումը:

The Guardian-ը նկատում է, որ Կիմ Չեն Ընի այցը շրջադարձային պահ է երկու երկրների միջև հարաբերություններում: Մինչ Կիմ Չեն Ընը նախապատրաստվում է ապրիլ և մայիս ամիսներին Հարավային Կորեայի և ԱՄՆ նախագահների հետ պատմական հանդիպմանը, բնական է, որ դրա դաշնակից Չինաստանն անհանգստանում է այդ հանդիպումների հետևանքով իր ունեցած ազդեցությունը չկորցնելու համար:

«Չինաստանը ներկա չի լինելու այդ հանդիպումներից ոչ մեկին, ուստի՝ նրանք ցանկանում են ամեն ինչ անել խաղից դուրս չմնալու համար: Մինչդեռ Հյուսիսային Կորեան էլ իր հերթին ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ միայնակ չէ»,-նշել է քաղաքական վերլուծաբան Դուգլաս Փաալը: