Այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. Պուտինն ասել է Կեմերովոյում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո քաղաք, որի առևտրի կենտրոններից մեկում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել հրդեհված շենքի մոտ:
Խոսելով բազմաթիվ երեխաների կյանք խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:
«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն, կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը:
Նշվում է, որ նա իր ցավակցություններն է հայտնել զոհերի ընտանիքներին: Աղբյուրը հավելում է, որ Պուտինի մասնակցությամբ խորհրդակցությունը սկսվել է լռության մեկ րոպեով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ:
Հայտնի է, որ հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:
Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին:










