Պուտինն այցելել է Կեմերովոյում հրդեհից տուժածներին (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովո քաղաք կատարած այցի ընթացքում այցելել է հիվանդանոցում գտնվող մարդկանց, որոնք տուժել են մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նախագահը շփվել է 18-ամյա մի երիտասարդի հետ, որը փրկվելու համար ցած է նետվել 4-րդ հարկից:
Բացի այդ, ՌԴ ղեկավարը հանդիպել է 3 տղամարդու հետ, որոնք օգնել են հրդեհի ժամանակ տարհանել մարդկանց: Նրանցից մեկը նախագահին պատմել է, որ 64 մարդու կյանք խլած հրդեհի հետևանքներն այդքան ծանր չէին լինի, եթե շինությունը սխալ նախագիծ՝ նեղ միջանցքներ ու տարհանման համար անհարմար դռներ չունենար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո քաղաք ու հրդեհի առնչությամբ խորհրդակցություն է անցկացրել:
Խոսելով բազմաթիվ երեխաների կյանք խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:
«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն, կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը:















