Սոլսբերիում օգտագործված նյարդապարալիտիկ նյութից կարող էր թունավորվել ավելի քան 130 մարդ. Մեծ Բրիտանիայի վարչապետ

11:54 • 27.03.18

Նյարդապարալիտիկ նյութից, որով բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորվել է նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը, կարող էր տուժել ավելի քան 130 մարդ: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է The Independent-ը:

Նրա խոսքով՝ ենթադրաբար այդ նյութի պատճառով առաջացած խնդիրներով հիվանդանոց է դիմել ավելի քան 50 մարդ:

Թերեզա Մեյը նաև հայտնել է, որ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան, որոնք մինչ այժմ հիվանդանոցում են և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հնարավոր է՝ այլևս երբեք վերջնականապես չառողջանան:

«Սա ռուս հետախույզների ամենամեծ միասնական արտաքսումն է պատմության մեջ»,- ասել է Մեյը՝ անդրադառնալով հաջակցություն Մեծ Բրիտանիայի ավելի քան 20 երկրի կողմից ռուս դիվանագետների արտաքսման մասին հայտարարություններին:

«Միասին մենք ուղերձ ենք հղել, որ չենք հանդուրժի միջազգային օրենքը խախտելուն և մեր արժեքները ոտնահարելուն ուղղված Ռուսաստանի շարունակական ջանքերը»,- ասել է նա:

Նախօրեին ավելի քան քսան երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Կանադան, հայտարարել է հաջակցություն Մեծ Բրիտանիայի ընդհանուր առմամբ ավելի քան 100 ռուս դիվանագետի արտաքսելու մասին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել էր նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:

Մեյը նաև հայտնել էր, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: 

66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:

Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: