Հայտարարությունները, թե ՌԴ-ն վերանայել է Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը, հանրության պայքարի արդյունքն են. Էդգար Վարդանյան

19:45 • 27.03.18

Կրեմլը բախվեց Հայաստանում առկա լուրջ դժգոհությանը, որը վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստին: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ այսպես բացատրելով Ռուսաստանի պետական դումայի ներկայացուցիչների հավաստիացնումներն այն մասին, թե իրենք վերանայել են այս հարցը:

Հայաստանը, ըստ նրա, հիմնավորեց, որ պաշտոնական Մոսկվայի ու Բաքվի գործարքը սպառազինության առք ու վաճառքի ոլորտում հանգեցնում է զոհերի, դրա պատճառով լարվածությունը բարձրանում է, մեծանում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հնարավորությունը:

«Տեսնելով այս ամենը, տեսնելով, որ դժգոհությունը կարող է հանգեցնել լուրջ հակակրեմլյան տրամադրությունների ձևավորմանը, որը ՌԴ-ի համար անցանկալի հետևանքներով կարող է հղի լինել՝ իրենք հանդես եկան նման հայտարարություններով: Ռուսաստանի համար կարող էին անցանկալի հետևանքներ ունենալ դրանից բխող որոշակի պահանջները, օրինակ՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից, դադարել սատարել ռուսական նախաձեռնությունները միջազգային ատյաններում կամ դադարել դեմ քվեարկել այն բանաձևերին, որոնք ընդունվում են ՌԴ-ի դեմ:

Եվ դրա համար Կրեմլը փորձեց ինֆորմացիոն դաշտում ճեղքում առաջացնել, համոզել հանրությանը, որ վերանայել է իր քաղաքականությունը, այսուհետ այդպես չի լինելու, որ հույս առաջացնի, թե հանրության բողոքը տեղ է հասել: Սա PR է»,- ասաց Էդգար Վարդանյանը:

Քաղաքագետը նշեց, որ իրականում չենք կարող իմանալ, թե ինչ առաջարկություն է անում Կրեմլը պաշտոնական Բաքվին, չենք կարող վերահսկել այս պրոցեսը և ճշտել նման հայտարարությունների իսկությունը:

«Կարծում եմ, որ այստեղ հնարավոր է ծավալների վերանայում: Ունենք հիմք՝ կասկածելու, քանի որ այս ամենը թափանցիկ չէ, պատահական չէ: Հակամարտության երկու կողմերին զենք վաճառելով՝ Ռուսաստանը փորձում է վերահսկողություն սահմանել և կախվածություն առաջացնել իր նկատմամբ: Դժվար թե Ռուսաստանը հրաժարվի այս քաղաքականությունից, դժվար թե ցանկանա բաց թողնել իր ազդեցությունը կողմերից մեկի վրայից»,- շեշտեց Էդգար Վարդանյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանում ժամանակ առ ժամանակ պրոհայկական հայտարարություններ են հնչում ցույց տալու համար, որ դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ կան ՀՀ-ի հետ, և Ադրբեջանը գիտի, որ նույն ծավալով ու նույն խորությամբ իր հետ հարաբերություններ լինել չեն կարող: Բացի այդ, ըստ Էդգար Վարդանյանի, Հայաստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ, է, ռուսական զորքերը հսկում են հայ-թուրքական սահմանը, Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան:

«Ադրբեջանը կփորձի ինչ-որ բան առաջարկել Ռուսաստանին, մի բան, որը շատ անհրաժեշտ է Մոսկվային, որ ՌԴ-ն իր կողմից տրվող աջակցությունը չթուլացնի»,- ասաց նա:

Էդգար Վարդանյանը նշեց նաև, որ պատահական չէին ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, թե Հայաստանը զենքի գնման այլ աղբյուրներ է որոնում: Նա ասաց, որ հանրության տրամադրությունները, Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությունը իշխանություններին ստիպում էր նման քայլերի գնալ:

«Եթե դժգոհության ծավալները մեծանային, ապա սպառնալիք կար նաև ՀՀ իշխանություններին, որը Կրեմլի հետ սերտ կապեր ունի, պաշտպանում է ՌԴ իշխանություններին միջազգային հարթակներում: Հետևողական պայքարի արդյունքում հանրությունը հաղթեց: Այս հարցը հանրային քննարկման կարևոր թեման էր»,- ընդգծեց Էդգար Վարդանյանը: