«Ծառայում եմ ուկրաինացի ժողովրդին». Արսեն Ավակովի պատասխանը ՌԴ-ում իր դեմ հարուցված քրեական գործին

15:12 • 03.04.18

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կողմից իր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրին:

Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ավակովի դեմ՝ ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայում տեղակայված ընտրատեղամասերում ռուսների քվեարկությանը խոչընդոտելու համար: 

Twitter-ի իր պաշտոնական էջում Ավակովն այս առիթով կարճ գրություն է թողել. «Ծառայում եմ ուկրաինացի ժողովրդին»:

Նշենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները կայացել են մարտի 18-ին: Հաղորդվել է, որ Ուկրաինայում ոստիկանությունն արգելափակել է դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի մուտքը՝ թույլ չտալով ՌԴ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: