«Կոտայք գարեջրի գործարան»-ը, որտեղ լիցքավորվել է «Բուրգեր Քինգ»-ում պայթած բալոնը, անցել է կրկնակի փորձաքննություն. ԱԻՆ խոսնակ

14:57 • 03.04.18

Արտակարգ իրավիճակների նախարարությունը բալոնները ստուգելու գործառույթ չունի, բայց իրականացնում է ստուգումներ բալոնների լիցքավորման կայաններում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյան՝ անդրադառնալով  «Բուրգեր Քինգ» -ում տեղի ունեցած պայթյունին:

Գնդոյանը հավելեց, որ «Բուրգեր Քինգ»-ում պայթած թթվածնային բալոն լիցքավորվել է «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ածխաթթու գազի ստացման տեղամասում: Նա պնդեց՝ ԱԻՆ-ն այդ ՍՊԸ-ում համապատասխան ստուգումներն իրականացրել է:

«Այդ տեղամասն արտադրական վտանգավոր օբյեկտ է և գրանցված է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում: Ածխաթթու գազի ստացման տեղամասն անցել է ԱԻՆ տեխնիկական  անվտանգության ստուգում, որն  իրականցվել է 2017 թ.-ի դեկտեմբերին: Ստուգումներից հետո կազմվել է թերություններ վերացման մասին համատեղ ծրագիր,  քանի որ հայտնաբերվել են որոշակի թերություններ: Սրանից  հետո 2018 թ.-ի մարտի 23-ին  «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԻ-ի կողմից հայտարարություն է տրվել, որ թերություններն արդեն վերացված են, որից հետո էլ՝ մարտի 30-ին, անցկացվել է կրկնակի փորձաքննություն և ճշտվել է, որ թերություններ իսկապես վերացված են, արդյունքում այդ տեղամասային լիցքավորման կետին տրվել է դրական եզրակացություն»,- ներկայացրեց նա:

ԱԻՆ մամուլի խոսնակը՝ վստահեցրեց, որ կոնկրետ լիցքավորման տեղամասում խնդիր չկա, իսկ ԱԻՆ գործառույթն այսքանով ավարտվում է:  Ինչ վերաբերում է բալոնների վերահսկման և պիտանելիության ստուգումներին, Նանա Գնդոյանն ասաց, որ դրանց մասին եզրակացություն է տրվում հատուկ մասնավոր լաբորատորիաներում, որոնք ԱԻՆ-ի ենթակայության տակ չեն գտնվում:

«Դատելով տվյալ բալոնների դաջվածքներից՝ կարող ենք նախնական ասել, որ այն 2017 թ.-ի արտադրության բալոն է և պետք է, որ համապատասխաներ  բոլոր չափանիշներին: Իհարկե, վերջնական տվյալները կունենանք փորձաքննությունից հետո, որը քննչական կոմիտեի եզրակացություն կներկայացնի: Ամենայն հավանականությամբ` խնդիրը կապված է բալոնի կիրառման, օգտագործման նորմերի խախտման հետ, իհարկե, սա նախնական վարկած է»,- ընդգծեց Նանա Գնդոյանը:

Վերջինս նկատեց, որ թթվածնային բալոնները պետք է հեռու պահել տաքությունից, արևից, պետք է լինի սև գույնի, սակայն գույնի մասով «Բուրգեր Քինգ»-ում պայթած բալոնը նորմի մեջ է եղել:

Նանա Գնդոյանը նաև պաշտոնապես հորդորեց ընկերություններին իրենց անվտանգության աշխատակիցներին վերապատրաստել, որ կարողանան գոնե առաջին օգնություն  ցույց տալ:

«Աշխատանքային օրենսգրքի 250 հոդվածի 2-րդ մասի 3-ր դ կետով նախատեսված է, որ գործատուն պետք է կազմակերպի տուժողների առաջին բուժօգնությունը և աշխատողներ տարհանումը: Այսինքն՝ մենք ևս մեկ անգամ հորդորում ենք, որ  նմանատիպ օբյեկտների անվտանգության աշխատակիցները վերապատրաստվեն և գոնե տիրապետեն առաջին օգնություն ցույց տալուն»,- եզրափակեց Նանա Գնդոյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 2-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով՝ բուժօգնության է տեղափոխվել 8 քաղաքացի: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 8 անձ ճանաչվել է տուժող: 

Տուժողներից մեկը` 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը, ենթարկվել էր վիրահատության: Նրա վիճակը միջին ծանրության է: