Մոսկվայի առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել՝ Burger King-ում ծխի պատճառով (տեսանյութ)

15:05 • 03.04.18

Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել՝ Burger King արագ սննդի կետում ծխի պատճառով, հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:

Burger King արագ սննդի կետը գտնվում է առևտրի կենտրոնի չորրորդ հարկում:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ հրշեջները ստուգում են շենքը՝ բռնկման հնարավոր թաքնված օջախների առկայության առնչությամբ:

«Իրավիճակը հանգիստ է, տարհանումն իրականացվել է կազմակերպված ձևով»,- նշել է նա:

Աղբյուրի տվյալներով՝ ստուգումների արդյունքում բռնկում չի հայտնաբերվել, իսկ ծխի պատճառը եղել է ռեստորանում սննդի պատրաստման գործընթացը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 8 քաղաքացի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ 8 անձ ճանաչվել է տուժող: 

Պայթյունի հետևանքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել ութ անձ, որոնցից մեկը՝ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանը, ենթարկվել էր վիրահատության: Նրա վիճակը միջին ծանրության է:

 

 

 

#тревога

A post shared by Олег (@olegchernayx) on