«Ես ամենակոշտն եմ Ռուսաստանի նկատմամբ». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բալթյան երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հանդես է գալիս ՌԴ-ի հետ երկխոսության օգտին՝ չնայած նրան, որ Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պետության ամենախիստ ղեկավարն է, հայտնում է reuters.com-ը:
«Ըստ երևույթին, ոչ մեկ չի եղել ավելի կոշտ Ռուսաստանի նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը… Բայց եթե մենք բարելավեինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա լավ կլիներ, այլ ոչ թե վատ: Եվ բոլորը համաձայն են դրա հետ՝ բացի շատ հիմար մարդկանցից»,- նշել է Թրամփը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշման ապացույցը կարող են լինել արտասահման ամերիկյան նավթի և գազի մատակարարումները, ինչը, նրա կարծիքով, Ռուսաստանը չի ցանկանում:
Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նաև նշել է, որ նա քիչ բան չի անում Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար՝ հավելելով, որ արտաքսել է 60 դիվանագետի, մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան՝ չորսական դիվանագետի:
«Ոչ ոք չի եղել նույնկերպ կոշտ Ռուսաստանի նկատմամբ»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Նա հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ է ցանկանում Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած «մեծ հավանականություն կա, որ դա տեղի չի ունենա»:










