ԱՄՆ-ն մտադիր է Ազգային գվարդիային ներգրավել Մեքսիկայի հետ սահմանի պաշտպանության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի բացառում Ազգային գվարդիայի ուժերի ներգրավումը Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ անօրինական ներգաղթյալների, թմրանյութերի անցկացման և քրեական անձանց ներթափանցման դեմ պայքարում: Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, հաղորդում է The Hill-ը:
«Այսօր նախագահի համար հանդիպում է անցկացվել վարչակազմի ռազմավարությունը քննարկելու նպատակով, որը ներառում է Ազգային գվարդիայի մոբիլիզացիա: Նախագահ Թրամփը և ներկա բարձրաստիճան անձինք նույնպես համաձայնել են Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության հետ՝ օրենք ընդունելու և հանցավոր գործունեությամբ, նարկոահաբեկչությամբ և մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից օգտագործվող իրավաբանական բացերը շտապ փակելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Այդ հանդիպումը դարձել է վարչակազմում Կենտրոնական Ամերիկայից անօրինական ներգաղթյալների և թմրանյութերի անցկացման վերաբերյալ քննարկման շարունակությունը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ զինվորականներ կներգրավի Մեքսիկայի հետ սահմանի հսկողությանը՝ հավելելով, որ մոտ ժամանակներս կքննարկի այդ հեռանկարը Պենտագոնի հետ:










