Դեռ պարզ չէ` ինչպիսին է լինելու ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը, ինչպիսին են իշխանությունները պատկերացնում հայ-իսրայելական հարաբերությունները․ Ալ․ Ցինկեր

20:37 • 28.09.18

Իսրայելի Քնեսեթի 15-րդ նստաշրջանի պատգամավոր, դոկտոր Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանությունների օրոք հայ-իսրայելական հարաբերություններում տեղաշարժեր եղան, քանի որ միջադեպ եղավ, իսկ հիմա դեռ նոր իշխանություններն իրենց արտաքին քաղաքական կուրսը չեն որոշել և հայ-իսրայելական հարաբերությունների մասին էլ հստակ քաղաքականություն չկա:

Նրա հետ Tert.am-ը զրուցել է այն մասին, թե ինչ տպավորություն է ստանում Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունից հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման մասին:

Ալեքսանդր Ցինկերը նկատեց՝ նախորդ տարի Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Նեթանյահուն հրավիրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ վերջակետ դնելու այն խոսակցություններին, որոնք կապված էին իսրայելական անօդաչու սարքեր արտադրող ընկերության մասնակցությամբ միջադեպի հետ, երբ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի խնդրանքով իսրայելցի մասնագետները փորձարկել էին անօդաչու սարքերը:

«Իսայելն այդ ժամանակ բացատրեց հայկական կողմին միջադեպի հետ կապված մանրամասները և փորձեց վերջակետ դնել դրան»,- ասաց նա՝ նկատելով, որ իհարկե այդ ընթացքում քննարկում է եղել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերություններ զարգացնելու մասին:

Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ հիմա խնդիրն այն է, որ Հայաստանում տեղի է ունենում իշխանությունների տրանսֆորմացիա և, հաշվի առնելով նոր կառավարության հայտարարությունները, դեռ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

«Ես կարդացել եմ, որ նոր կառավարությունը ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները Իրանի հետ, Ռուսաստանի հետ և դրան զուգահեռ զարգացնել հարաբերություններ Իսրայելի հետ, կարծում եմ, արդեն դժվար կլինի»,- ասաց նա:

Ալեքսանդր Ցինկերը խոսելով Իսրայելի դիրքորոշման մասին՝ մատնանշեց Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի այցը տարածաշրջան՝ Վրաստան, Ադրբեջան: «Նա եկել էր՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հարավային Կովկասում: Հայաստան չեկավ, որովհետև Հայաստանի հետ մենք առանձնապես կապեր չունենք: Իհարկե, մեր հարաբերությունները նորմալ են, բայց դրանք շատ ցածր մակարդակի վրա են»,- ասաց նա:

Հայ-իսրայելական հարաբերությունների մակարդակը բարձր պահելու համար, ըստ նրա՝ պետք է գտնել ինչ-որ մի ոլորտ, որ երկկողմանի հետաքրքիր լինի, և որ երկու կողմերը օգուտ ստանան դրանից:

«Ես կարծում եմ՝ դա բարձր տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում և Իսրայելում աշխատող ծրագրավորողները ստեղծում են արտադրանք և վաճառում Միացյալ Նահանգներին: Լավ կլիներ, որ նրանք միասին ստեղծեին արտադրանքը և վաճառեին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները զարգացնելուն, արդեն Ալեքսանդր Ցինկերի կարծիքով՝ դա բարդ գործընթաց է: «Ինչ էլ լինի, Հայաստանի համար Իրանը շարունակելու է մնալ կարևոր երկիր՝ հաշվի առնելով առկա շրջափակումը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները:  Իրանը համարվում է միակ ճանապարհներից մեկը դեպի դուրս: Բայց մյուս կողմից՝ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Իրանի նկատմամբ օրեցօր ավելանում են պատժամիջոցները, և շատ և՛ ամերիկյան, և՛ եվրոպական ընկերություններ դուրս են գալիս իրանական շուկայից: Այստեղ պետք է հասկանալ, որ երբ մեկը գնում է, տեղը չի ազատվում: Հայաստանը կարող է այդ տեղը զբաղեցնել, բայց պետք է նաև զգուշանա՝ ինքն էլ պատժամիջոցների տակ չընկնի»,- ասաց նա:

Այստեղ է որ, ըստ Ալեքսանդր Ցինկերի,  Հայաստանը պետք է որդեգրի «կոմլպեմենտար» արտաքին քաղաքականություն: «Պետք է շարունակի այդ քաղաքականությունը, որ և՛ Եվրոպան, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը ըմբռնումով վերաբերեն Հայաստանի քաղաքականությանը»,- ասաց նա՝ նկատելով, որ գուցե այդ ժամանակ Իսրայելն էլ իր քաղաքականությունը վերանայի:

Դիտարկմանը, թե Հայաստանի համար խնդիր են իսրայելաադրբեջանական հարաբերությունները, կողմերի միջև ռազմական համագործակցությունը, Քնեսեթի նախկին պատգամավորը պատասխանեց՝ դրան էլ պետք է ըմբռնումով վերաբերել․ իրենք ունեն իրենց շահերը:

«Մենք դա որևէ մեկի դեմ չենք  անում: Մենք ռազմաարդյունաբերությամբ զբաղվող երկրներից ենք, մեզնից զենք են գնում, և մենք վաճառում ենք: Դրա դիմաց, օրինակ՝ կարող ենք գնել էժան նավթ: Մենք մեր հարցերն ենք լուծում: Բացի այդ, մեզ պետք է, որ լավ հարաբերություններ ունենանք մուսուլմանական երկրների հետ, որովհետև Իսրայելի և մուսուլմանական երկրների հետ կան խնդիրներ: Դրա համար մենք, օրինակ՝ լավ հարաբերություններ ունենք Ուզբեկստանի, Ղազախստանի և նաև Ադրբեջանի հետ: Մենք դա գնահատում ենք, որովհետև երբ օրինակ, մուսուլմանական, արաբական երկրների լիգան ինչ-որ որոշումներ է կայացնում, այդ երկրները մեզ օգնում են, մեր դեմ չեն քվեարկում: Դա մեզ պետք է, նրա համար չէ, որ մենք նրանց սիրում ենք, դա մեր շահերից բխող խաղ է: Դա կարող է անել նաև Հայաստանը․ եթե նրան Իսրայելը պետք չէ, պետք է բավարարվի եղածով, կան ինչ-որ մակարդակի հարաբերություններ, և մենք դրա համար ուրախ ենք»,- ասաց նա:

Հայ-իսրայելական հարաբերություններում հիմա զարգացումների մասով դադար է: Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ առաջիկայում սպասվում է իսրայելական խորհրդարանական պատվիրակության այց Հայաստան: «Հնարավոր է՝ հոկտեմբերին գան: Նրանց հետ միշտ ինչ-որ մարդիկ գալիս են, հիմնականում՝ բիզնես ոլորտից: Փորձեր արվում են տեղաշարժեր ապահովելու ուղղությամբ»,- ասաց նա: