Մասնակցելու ենք գալիք ՏԻՄ ընտրություններին, ուստի շարունակելու ենք մեծացնել մեր համակիրների ու անդամների թիվը. Լուսինե Հարոյան
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ շնորհավորում է հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է 4122 ձայն կամ 0.33%:
Լուսինե Հարոյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Շնորհավորում ենք հայ ժողովրդին ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին մերժելու ու քաղաքական դաշտից հեռացնելու կապակցությամբ։ Շնորհավորում ենք նաև Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում մեծամասնություն կազմելու համար։ Միաժամանակ ընդգծում ենք, որ օրենսդիր ու գործադիր մարմիններում, ինչպես նաև Երևանի ավագանիում քաղաքական մեծամասնություն ստանձնելը մեծագույն պատասխանատվություն է դնում իր վրա՝ մի քանի ամսվա ընթացքում բերելու էական ու տեսանելի փոփոխություն քաղաքացու կյանքում, բարելավելու սոցիալ-տնտեսական վիճակը, հաղթահարելու աղքատությունը, պատժելու նախկին կառավարման համակարգի հանցագործներին և հետ բերելու թալանված միլիարդավոր դոլարները, ինչպես նաև իրականացնելու Սահմանադրական և այլ բարեփոխումներ, ի նպաստ ժողովրդավարության զարգացման, այդ թվում՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում։
Ազգային առաջընթացը, իր ծրագրին ու խոստմանը համաձայն, շարունակելու է իր մարզային այցերը և արտախորհրդարանական միջոցներով փորձելու է իրականացնել իր ծրագրային դրույթները և նպաստել Հայաստանի զարգացմանը։
Մենք մասնակցելու ենք գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ուստի շարունակելու ենք մեծացնել մեր համակիրների ու անդամների թիվը, ինչպես նաև մասնագետների ու փորձագետների քանակը։
Կեցցե ազատագրված հայրենիքը»:










