Հայ և ադրբեջանական կողմերը որոշել են փոխել իրենց դիրքորոշումը և շարժվել ընդհանուր դիրքորոշման ուղղությամբ. Նեյլ Մաքֆարլեյն

22:08 • 24.01.19

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ ինքը չի զարմանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո հրապարակային տեղեկատվությունը քիչ է լինում՝ նկատելով, որ միշտ էլ կան մասնավոր և գաղտնի հանդիպումներ շատ զգայուն թեմաների վերաբերյալ:

Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտարկում արեց՝ խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս Դավոսում կայացած հանդիպման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին:

«Կողմերը որոշել են փոխել իրենց դիրքորոշումը և շարժվել ընդհանուր դիրքորոշման ուղղությամբ»,- ասաց նա:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի խաղաղ բնույթի հավանականության մասին՝ բրիտանացի վերլուծաբանը նշեց, որ դա երկու դեպքում կարող է լինել՝ նախ երկու կողմերը պետք է ցանկանան շարժվել խաղաղության ուղղությամբ, հետո պետք է արտաքին խաղացողները որոշակի դեր խաղան:

«Արտաքին խաղացողներն օգտագործում են իրենց լծակները՝ կողմերին խրախուսելու համար, որ փոխեն իրենց դիրքորոշումը: Այստեղ հիմնական խաղացողը Ռուսաստանն է, երկրորդը՝ Թուրքիան»,- ասաց նա:

Ամեն դեպքում, ըստ նրա, ԵԱՀԿ –ն նշել է՝ ինչ է պետք․ միջոցներ ձեռնարկել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու համար:

«Արդյո՞ք մասնավոր հանդիպումները երկու երկրների ղեկավարների միջև օգնում են հիմնախնդրի կարգավորմանը: Անցյալում էլ եղել են շատ հանդիպումներ: Առայժմ չկան ակնհայտ ազդեցություններ խաղաղ գործընթացի վրա: Եթե մենք դատենք անցյալով, ապա պատասխանը կարող է ակնհայտ լինել՝ ոչ»,- ասաց նա:

Այնուհետև վերլուծաբանը մատնանշեց՝ հիմա, սակայն, պայմանները փոխվել են, և դրանք բավականին դինամիկ են: «Այնպես որ, գուցե անցյալի փորձը լավ ցուցիչ չէ ապագա հնարավորությունների համար: Եթե առաջնորդները որոշել են խաղաղությանը հնարավորություն տալ, հանդիպումները կարող էին լինել շատ օգտակար»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես Ղարաբաղին դարձնել բանակցային գործընթացի մաս, Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ իհարկե, մասնակցության որոշակի ձևեր խիստ ցանկալի են, քանի որ Ղարաբաղի ղեկավարությունն էլ կարիք ունի մաս դառնալ գործընթացի ճանապարհին:

«Ղարաբաղը ներառելը շատ բարդ կլինի, մինչև երկու կողմերը չհամաձայնեն դրան: Կարծում եմ՝ դա դժվար հարց է Ադրբեջանի համար: Բայց ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը»,- ասաց նա: