Կլինի Գագիկ Ծառուկյանը, ես, թե դուք, պետությունը պետք է պաշտպանի իր արտադրողին. Սերգեյ Բագրատյանը՝ ցեմենտի ներկրման սահմանափակման մասին

12:56 • 23.02.19

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը միանշանակ համաձայն չէ տեսակետին, թե ցեմենտի մաքսային դրույքաչափերի բարձրացմանն ուղղված օրենսդրական նախագիծն ուղղված չէ Հայաստանում ցեմենտ արտադրող երկու ընկերությունների շահերն առաջ տանելուն:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նա նշեց, որ Հայաստանում ցեմենտի արտադրությունում ընդգրկված են հազարավոր քաղաքացիներ, երկու ընկերություն՝ Հրազդանի ցեմենտի գործարանը և Արարատի ցեմենտի գործարանը, որը պատկանում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Ըստ նրա՝ եթե գործող գներով այս ընկերությունները չկարողանան մրցակցել Իրանից ներկրված ավելի էժան ցեմենտի հետ, բնականաբար կառավարությունը պետք է պաշտպանի տեղական արտադրողին:

«Կլինի Գագիկ Ծառուկյանը, թե կլինեմ ես, կամ դուք, եթե մենք արտադրություն ունենք, որտեղ հազարից ավելի մարդիկ ապահովված են աշխատանքով և նաև հարկերը վճարում են ժամանակին, և նաև  արտադրանքը խիստ անհրաժեշտ է երկրին, մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողին և արված է քայլ, որը պաշտպանում է արտադրողի շահերը, այստեղ անձնավորված չնայեք, չէ՞ որ Հրազդան գործարանն էլ հո Գագիկ Ծառուկյանինը չէ»,-ասաց նա:

Ըստ  նրա, Հայաստանն իր արտադրողին չի պաշտպանում, իսկ Իրանն իր արտադրողին պաշտպանում է, և այդ արտադրողը ներխուժում է մեր դաշտ ու դուրս մղում մեր արտադրողին:

«Դուք համաձա՞յն եք, որ այդ անհավասար պայմանները թույլ տանք, որ մեր արտադրողները դուրս գան, այսօր ցեմենտի գործարանը, վաղը «Գրանտ Քենդին», մյուս օրն էլ այլ արտադրողները չկարողանան մրցակցել, մենք տանուլ կտանք»,- ասաց նաև նշեց, որ այդ որոշումը կառավարության համարում է առաջընթաց քայլ:

Հարցին, թե արդյոք արդյունքում գնորդը չի տուժի, նա պատասխանեց, որ նախ անհավասար մրցակցության պայմաններն են շտկում, քանի որ իրանցի արտադրողը կարողանում է իր ապրանքը մտցնել հայկական շուկա ԱԱՀ-ից ազատված ձևով, մինչդեռ մեր արտադրողը տարբեր հարկերով հարկվում է: Բացի այդ, ըստ նրա, կառավարությունն էլ պետք է հորդորի արտադրողին, որ եթե աջակցում է նրան, ապա դա նշանակում է, որ արտադրողն էլ իր հերթին չպետք է գերշահույթ ակնկալի:

 

Կլինի Գագիկ Ծառուկյանը, ես, թե դուք, պետությունը պետք է պաշտպանի իր արտադրողին. Սերգեյ Բագրատյանը՝ ցեմենտի ներկրման սահմանափակման մասին