Տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ ավանդ ունեցող Քամ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիրն է (տեսանյութ)
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացածների շարքը համալրվել է տեխնոլոգիական ոլորտի ևս մեկ ականավոր ներկայացուցչով։ Տեխնոլոգիական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր Քամ Ղաֆարիանն ընտրվել է Հայաստանում և արտերկրում հեղինակություն ձեռք բերած Պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր:
Փոքր տարիքում տեսնելով «Apollo 11»-ի պատմական վայրէջքը Լուսնի վրա՝ Քամ Ղաֆարիանն այնպես է տպավորվել, որ իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։
2024 թվականի փետրվարին՝ Լուսնի վրա ամերիկյան վերջին վայրէջքից ավելի քան կես դար անց, «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռային շրջանում։
«Axiom Space»-ը, որի համահիմնադիրն ու գործադիր նախագահը Քամ Ղաֆարիանն է, NASA-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն հետ համագործությամբ իրականացնում է մի շարք նշանակալի նախագծեր, այդ թվում՝ կոմերցիոն անձնակազմով տիեզերական առաքելությունների և կոմերցիոն ուղեծրային ենթակառուցվածքի ստեղծման ծրագրեր։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ՝ 2026թ. դափնեկրին մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Բանախոսները տեղեկացրել են, որ ճարտարագետ, գործարար, «Axiom Space»-ի հիմնադիր և գործադիր նախագահ Քամ Ղաֆարիանը Հայաստանում կհյուրընկալվի նոյեմբերին:
2024 թվականի փետրվարին «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը պատմական վայրէջք կատարեց հարավային բևեռային շրջանում՝ դառնալով «Apollo 17»-ից հետո Լուսնի մակերևույթ հասած առաջին ամերիկյան տիեզերական սարքը և նմանատիպ առաջին կոմերցիոն առաքելությունը:
Լուսնային հարավային բևեռի ուսումնասիրությունը մի շարք պատճառներով մեծ նշանակություն ունի գիտության համար։ Գիտնականների կարծիքով՝ մշտապես ստվերում գտնվող խառնարաններում կարող են սառույցի պաշարներ լինել, որոնք հնարավոր կլինի օգտագործել ջուր, թթվածին և նույնիսկ վառելիք ստանալու համար՝ ապագա տիեզերական առաքելությունների համար։ Կան նաև տարածքներ, որտեղ արևի լույսը հասանելի է երկար ժամանակ, ինչը և հնարավորություն է ստեղծում արևային էներգիայի օգտագործման համար։ Բացի այդ, հարավային բևեռի հողն ու ապարները կարող են պահպանել Լուսնի և Արեգակնային համակարգի ձևավորման մասին հնագույն տեղեկություններ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նշել է, որ մրցանակն ունի մի քանի կարևոր առաքելություն՝ բարձրացնելով Հայաստանի տեսանելիությունը միջազգային տեխնոլոգիական ոլորտում և ընդգծելով երկրի դերակատարությունը համաշխարհային տեխնոլոգիական օրակարգում։
«Անչափ կարևոր է նաև, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ երիտասարդներն առիթ ունեն շփվելու լեգենդար անձանց հետ, առաջին ձեռքից տեղեկանալու ոլորտի զարգացումների և միտումների մասին։ Նորարարությունների իրական արժեքը պայմանավորված է այն դրական փոփոխություններով, որոնք դրանք բերում են մարդկանց կյանքում, և այս մրցանակը կարևորում է հենց այդ գաղափարը։ Ուրախ եմ, որ Հայաստանում կան նախաձեռնություններ, որոնք արդեն 17 տարի շարունակվում են, և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում սատարել են այս բացառիկ նախաձեռնությանը»,- ասել է նախարարը։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009 թվականի հուլիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է ոլորտում և մարդկության կյանքում շրջադարձային արդյունքի հասած անհատների, որոնց համաշխարհային բացառիկ ներդրումը ճանաչվել է միջազգայնորեն: Նրանց՝ միջազգային ճանաչման արժանացած գլոբալ ներդրումը կարող է լինել տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:
Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս» ընկերությունն է։ Արդեն 17 տարի այս հեղինակավոր պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է:
Մրցանակաբաշխությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
«Երբ երեխան նայում է Լուսնին, նա երազանք է տեսնում։ Քամ Ղաֆարիանի պատմությունը ցույց է տալիս, որ մի օր այդպիսի երազանքը կարող է փոխել աշխարհը։ Սակայն յուրաքանչյուր մեծ ձեռքբերման՝ տիեզերական սարքի, նոր տեխնոլոգիայի կամ մի ամբողջ արդյունաբերության հետևում կանգնած է մարդ, որը հավատացել է իր գաղափարին և համարձակություն է ունեցել անելու առաջին քայլը։ Մենք ցանկանում ենք, որ երեխաներն ու երիտասարդները Հայաստանում մեծանան սեփական ուժերի նկատմամբ նույնպիսի հավատով և որպեսզի, տեսնելով համաշխարհային առաջնորդների ձեռքբերումները, մտածեն՝ «Ես նույնպես կարող եմ», և Հայաստանը նրանց համար լինի վայր, որտեղ իրենց տաղանդը պահանջված է, գաղափարներն արժեք ունեն, և որտեղ կարող է սկսվել իրենց կյանքի մեծ ճանապարհը։ Հենց այդ պատճառով Viva-ն արդեն 17 տարի աջակցում է այս մրցանակին՝ Հայաստանը կապելով մարդկանց հետ, որոնք ընդլայնում են հնարավորի սահմանները։ Մեզ համար կապն առանձնահատուկ իմաստ է ստանում, երբ այն միավորում է տաղանդը հնարավորությունների հետ, երազանքը՝ վստահության, իսկ ոգեշնչումը՝ գործողության։ Եթե նման մարդկանց օրինակը թեկուզ մեկ երիտասարդի օգնի հավատալ սեփական ուժերին, անել առաջին քայլը և չընկրկել դժվարությունների առջև, նշանակում է՝ այդ կապն արդեն իսկ հսկայական արժեք ունի։ Գուցե հենց այսպես է սկսվում հաջորդ հայտնագործության պատմությունը, որով մի օր կհպարտանա Հայաստանը»»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Քամ Ղաֆարիանը տիեզերքի առևտրայնացման իր տեսլականն ունի. սկսած միջազգային տիեզերական հաջորդ կայանի կառուցումից մինչև Լուսնի և Մարսի վրա տիեզերական քաղաքների հիմնադրումը, տիեզերական ճանապարհորդությունների հասանելիության ընդլայնումը և միկրոգրավիտացիայի հնարավորությունների օգտագործումը՝ Երկրի վրա կիրառելի նոր տեխնոլոգիաներ մշակելու համար։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներն ընտրվում են միջազգային հանձնաժողովի կողմից:
«Քամ Ղաֆարիանն իրապես մարմնավորում է Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների պետական մրցանակի ոգին։ Նրա ուշագրավ ճանապարհը՝ Լուսնի վրա մարդկության առաջին քայլերով ոգեշնչված մանուկից մինչև տիեզերական հետազոտությունների ոլորտի առաջատար դառնալը, ցույց է տալիս, թե ինչպես կարող են համարձակ տեսլականն ու նորարարությունը նպաստել մարդկության առաջընթացին։ Երբ 2009 թվականին «Սինոփսիս»-ը նախաձեռնեց այս մրցանակը, նպատակն էր արժևորել տեխնոլոգիական ոլորտի այն առաջնորդներին, որոնց ներդրումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով երկարաժամկետ և նշանակալի ազդեցություն է ունենում մարդկության կյանքում։ Հայաստանի Հանրապետության կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք հպարտ ենք շարունակելու այս առաքելությունը, պատվելու Քամին՝ որպես մրցանակի 17-րդ դափնեկիր, և սպասում ենք նրան Հայաստանում հյուրընկալելուն»,- ասել է «Synopsys Armenia»-ի տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:
17 տարվա ընթացքում Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներն են.
1. «Intel Corporation»-ի նախկին գործադիր տնօրեն Քրեյգ Բարեթ (2010թ.)
2. «Apple Inc.»-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակ (2011թ.)
3. «Synaptics, Inc.»-ի պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջին (2012)
4. Կիսահաղորդչային արդյունաբերության ավագ մասնագետների ընկերության նախագահ և «Techno Vision»-ի նախագահ Ցուգիո Մակիմոտո (2013)
5. «Cisco Systems»-ի զարգացման գլխավոր տնօրեն Մարիո Մացոլա (2014)
6. «Kaspersky Lab»-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Եվգենի Կասպերսկի (2015)
7. Ինտերնետի ռահվիրա և «Open-Root»-ի գլխավոր գործադիր տնօրեն Լուի Պուզեն (2016)
8. «Nest labs»-ի հիմնադիր, iPod-ի ստեղծող Թոնի Ֆադել (2017)
9. «National Instruments»-ի համահիմնադիր, դոկտոր Ջեյմս Թրուշարդ (2018)
10. Ունկաս Էնեասի և Հելեն Ուիթաքերի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Տակեո Կանադե (2019)
11. «Synopsys»-ի գլխավոր գործադիր համատնօրեն, դոկտոր Չի-Ֆուն Չան (2020)
12. «IBM»-ի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Ստոկ (2021)
13. «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանտանու Նարայեն (2022)
14. «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթի (2023)
15. «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր՝ դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարա (2024)
16. «Analog Devices Inc.»-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշ (2025)
17. «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր Քամ Ղաֆարիան (2026)










