Տեսել եմ սփյուռքի «սուպեր նախարարություն» ունենալու ռեալ հնարավորություններ, սակայն կառավարությունն այլ մոտեցում ունեցավ, և այն ընդունելի է. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)

21:45 • 09.03.19

Մենք, մի շարք սփյուռքագետների հետ խորհրդակցելով, քննարկելով, առաջ էինք քաշել սփյուռքի հետ քաղաքականության ռազմավարության հայեցակարգ կամ սևագիր, որի հիման վրա, պատկերացում ունեինք՝ քննարկումների նոր մակարդակ բարձրացնել և ավելի ուժեղ փաստաթուղթ ներկայացնել:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով սփյուռքի նախարարության լուծարման մասին իր կարծիքը:

«Այդ հայեցակարգի հիմքում ընկած էր սփյուռքի նախարարության հզորացումը, այսինքն՝ սփյուռքի նախարարությանը նոր գործառույթ, նոր լծակները տալը: Որովհետև ինքս, 8 ամիս լինելով գործադիրում, և կատարելով նախարարի լիազորությունները, եկա այն համոզման, որ ցավոք սրտի, այդ կառույցն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում և մեծ հաշվով քաղաքականությունների վրա ազդեցություն ունենալու համար չունի համապատասխան լծակներ»,- ասաց նա՝ նկատելով, որ կային առանձին գերատեսչություններ, որոնք առանձին իրենց օղակներով էին մշակում և իրականցնում սփյուռքի հետ քաղաքականությունը, հետևաբար «մեկ պատուհանի» սկզբունքը, որն ի սկզբանե դրված էր նախարարության առաջ, չէր գործում:

Մխիթար Հայրապետյանը հիշատակեց, որ ինքը բացմիցս հայտարարել է, որ եթե կառույցը պետք է կրի բացառապես խորհրդանշական բնույթ, ապա կարող է այն չլինել նաև:

«Մյուս կողմից տեսնում էի հնարավորություն «սուպեր նախարարություն» ունենալու: Բայց նաև սրանով ենք մենք՝ նոր քաղաքական թիմը, աչքի ընկնում տեսակետների տարբերությունների, այլակարծության և դրանց մասին բարձրաձայն խոսելու, և հաղթում են այն տեսակետները, որոնք ավելի փաստարկված են, կամ տվյալ պարագայում առավել նպատակահարմար են,- ասաց նա, ապա հավելեց,- ես չեմ կարող այսօր կանգնել և ասել, որ մշտապես հանդես եմ եկել նախարարությունը փակելու դիրքերից, որովհետև ես ուղղակիորեն կստեմ»:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ինքն ունեցել է իր պատկերացումները, տեսել է ռեալ հնարավորություններ «սուպեր նախարարություն» ունենալու, սակայն նոր կառավարությունն այլ մոտեցում ունեցավ․ «Եվ դա ևս ընդունելի տարբերակ է․ այն է՝ ունենալ մեկ գրասենյակ՝ վարչապետի ենթակայության տակ, որը համակարգողի գործառույթ է իրականացնելու, և բոլոր գերատեսչություններն իրականացնելու են քաղաքականությունը սփյուռքի հետ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսել եմ սփյուռքի «սուպեր նախարարություն» ունենալու ռեալ հնարավորություններ, սակայն կառավարությունն այլ մոտեցում ունեցավ, և այն ընդունելի է. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)