Հոնդուրասի մայրաքաղաքում ակցիայի մասնակից ուսուցիչները, բժիշկներն ու ուսանողներն այրել են մի քանի շինություն

06:28 • 30.04.19

Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպեում կրթական և առողջապահական ոլորտների բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ առնվազն հինգ մարդ է տուժել, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցարարները հրդեհել են մի քանի շինություն, լուրջ վնասներ է կրել պատմամշակութային 3 հուշարձան: Նշվում է, որ հրդեհված շինություններից տարհանվել է ավելի քան 250 մարդ;

Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը 50-ամյա կին է, մյուսը տղամարդ է, որն ունի հրազենային վնասվածքներ:

Ցուցարարները, որոնցից շատերը դեմքը փակել են դիմակներով, կոտրել են նաև քաղաքի խանութների և սրճարանների ապակիները: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցների շարքերում կան բժիշկներ, ուսանողներ, ուսուցիչներ, ընդդիմադիր կուսակցական ակտիվիստներ և Հոնդուրասի բժշկական քոլեջի կին ղեկավարը:

Ակցիաներ են տեղի ունեցել նաև երկրի այլ քաղաքներում:

Ավելի վաղ, Հոնդուրասի խորհրդարանը հավանություն էր տվել կրթական և առողջապահական ոլորտների բարեփոխմանն ուղղված նախագծերին: Ուսուցիչներն ու բժիշկները մտավախություն ունեն, որ բարեփոխումների արդյունքում զանգվածային կրճատումներ կսկսվեն, չնայած որ իշխանությունները հերքում են նման լուրերը: