Ճապոնիայի կայսր Ակիհիտոն թողնում է գահը

06:14 • 30.04.19

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն երեքշաբթի կամավոր կհեռանա գահից՝ այն փոխանցելով իր ավագ որդուն` 59-ամյա թագաժառանգ Նարուհիտոյին: Այդ առիթով Տոկիոյի կենտրոնում գտնվող միապետի պալատում տեղի կունենան իրենց բնույթով եզակի կրոնական և քաղաքացիական արարողություններ:

ТАСС-ի հաղորդմամբ՝ օրվա առաջին կեսին 85-ամյա Ակիհիտոն վաղ միջնադարյան ոճի ծիսական զգեստով կայցելի տաճար, որը գտնվում է պալատական համալիրի տարածքում և նվիրված է Ճապոնիայի նախկին 124 կայսրերին: Այնտեղ նա  Արևի բարձր աստվածուհի Ամատերասին կհայտնի գահը թողնելու մասին: Այդ ծիսակարգը փակ է լինելու հանրության համար:

Այնուհետև, կեսօրին պալատի դահլիճում գահից հեռանալու կապակցությամբ տեղի կունենա պաշտոնական քաղաքացիական արարողություն, որի կմասնակցի մոտ 300 մարդ՝ կայսեր ընտանիքի անդամներ, կառավարության անդամներ, խորհրդարանների երկու պալատների ներկայացուցիչներ, Գերագույն դատարանի դատավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ճապոնիայի քաղաքացիների անունից ելույթ կունենա վարչապետ Սինդզո Աբեն, որից հետո իր հրաժեշտի խոսքը հանրությանը կուղղի կայսր Ակիհիտոն: Նարուհիտոն գահին կնստի մայիսի 1-ին: