Չինաստանում հարբած տղամարդը կուլ է տվել տան բանալին և ստիպված եղել շտապ վիրահատվել

09:43 • 15.06.19

Չինաստանում Չան անունով 26-ամյա տղամարդն այնքան է հարբել, որ կուլ է տվել տան բանալին, գրում է Oddity Central-ը:

Տղամարդն ընկերների հետ դրսում ժամանակ անցկացնելուց հետո հարբած վերադարձել է տուն, սակայն մուտքի մոտ հայտնաբերել է, որ բանալին չկա: Նրա տան անդամները բացել են դուռը, և Չանը գնացել է քնելու, իսկ առավոտյան կրծքավանդակի շրջանում սուր ցավեր է զգացել:

Տղամարդը սարսափելի ցավերով հիվանդանոց է գնացել, որտեղ ռենտգենային հետազոտությունը ցույց է տվել նրա կերակրափողում մնացած բանալին:

Հիվանդանոցի աշխատակազմը, վերլուծելով իրավիճակը, բացառել է բնական ճանապարհով բանալու դուրսբերումը, քանի որ դա կարող էր լրջորեն վնասել նրա աղիները: Սկզբում բժիշկները փորձել են էնդոսկոպիկ սարքի միջոցով դուրս բերել բանալին, սակայն այն չափազանց մեծ է եղել և կարող էր վնասել կերակրափողը:

Ի վերջո բժիշկները դիմել են շտապ վիրահատական մեթոդին, որի համար հիվանդանոցի՝ ազգային տոնի առթիվ ազատ աշխատակիցները չեղարկել են իրենց ծրագրերը և վերադարձել աշխատանքի:

Երիտասարդի խոսքով՝ իր համար միշտ առեղծված կմնա, թե ինչպես է կուլ տվել բանալին. նա այդ գիշերվա իր ալկոհոլային խրախճանքից ոչինչ չի հիշում: