Շատ հուզվեցի, հասկանում եմ մարդկանց վիշտը. Լևոն Քոչարյանը՝ «Մարտի 1-ի» զոհերի հարազատների ելույթների մասին
Շատ հուզվեցի, հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել: Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատարանում «Մարտի 1-ի» զոհերի հարազատների ելույթներին:
«Բոլոր ելույթները լսելով՝ շատ հուզվում եմ: Ես 5 տարի է արդեն երեխա ունեմ և հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել կորուստը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ «Մարտի 1-ի» տուժողները բազմիցս հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո որևէ մեկին չայցելեց, չցավակցեց, հրաման չտվեց պարզելու հանգամանքները, Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Այդ ամենը երբ եղել է, ինչ-որ գործընթացներ են գնացել: Հետո մենք ելքային դիրք ենք ընդունում, որ մարդիկ ինչ-որ բան են արել և ուզում են կոծկել: Նույն պարոն Քլոյանն ասում է՝ հազար հոգի սադրիչ ա եղել կամ իրենց խանութը թալանել են, իրենք չեն բողոքարկել: Խոսքը «Ռոբերտոյի» մասին է, բայց մարդկանց մոլորեցնում են՝ այդ խանութի հետ մենք երբևէ կապ չենք ունեցել: Այս կարգի մանիպուլյացիաներից, որ արվել է... երևի մեր մեղքն էլ կա, որ ժամանակին դրանց պատասխանները հստակ չենք տվել»:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր իր ելույթում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին ժամանակին 18 մլն դոլար է փոխանցվել: Անդրադառնալով այս հայտարարությանը Լևոն Քոչարյանն ասաց. «Խոսքը եղբորս մասին է, դա վերաբերում է 2007 թ.-ին և դրան հաջորդող 2 տարիներին: Բայց ոչ թե գումար է փոխանցվել, այլ հաշվի շարժի մասին էր խոսքը, դա տարբեր բան է»:










