Մեր պրոպագանդան չի զիջում ադրբեջանականին. նախարար
Գաղտնիք չէ, որ մեր հարևան Ադրբեջանը, բացի ռազմական բյուջեի վրա ծախսվող հսկայական գումարներից, մեծ գումարներ է ծախսում նաև կեղծ պատմություն հորինելու վրա: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Այսօր տեսակետներ կան, որ Երևանն ու արդեն Թբիլիսին եղել են ադրբեջանական պատմական տարածքներ, զավթվել են եկվորների կողմից»,- ասաց Կոստանյանը:
Նա հարցրեց՝ ի՞նչ է անում կառավարությունը հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ, մասնավորապես ի՞նչ է արվում Քարահունջի հետ կապված:
Ի պատասխան՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ թեզը կեղծ է, որի վրա Ադրբեջանում մեծ գումարներ են ծախսում:
«Դրան պատասխանելու համար մենք հատուկ միջոցներ ծախսելու խնդիր չունենք: Պատմությունը, այս տարածքը, ցույց են տալիս, որ սա մեր պատմական հայրենիքն է: Մենք աշխարհի ռուսալեզու հատվածին մեր ունեցածը ներկայացնելու խնդիր ունենք: Մեր պրոպագանդան չի զիջում ադրբեջանականին, որովհետև մեր դիրքերն ամուր են: Բայցևայնպես, այո՛, մենք հավելյալ խնդիր ունենք տարածելու»,- ասաց նախարարը:
Պապիկյանը նշեց, որ մենք խնդիր ունենք մեր ունեցածը ճիշտ մատուցելու աշխարհին, բայց չկեղծելով:










