Դատարանը որպես Քոչարյանի երաշխավոր է ընդունել այն անձանց, որոնք կապ ունեն սույն քրեական գործի հետ և կարող են ներգրավվել որպես կասկածյալներ. տուժողի ներկայացուցիչ
Վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը: Այսօրվա նիստում դատարանին իր բողոքի հիմքերը ներկայացրեց «Մարտի 1»-ի գործով տուժող Վահե Գրիգորյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Սաֆարյանն ընդգծեց, որ որոշումը բողոքարկվել է ամբողջությամբ. այն վերաբերվում է առաջին ատյանի դատարանի մայիսի 20-ի՝ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու և Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու որոշմանը:
Նա նշեց, որ որոշումը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմից բողոքարկվել է քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ և 275 հոդվածի 3-րդ կետերի հիմքով:
Ներկայացնելով բողոքը, Սաֆարյանն ասաց, որ դատարանը խախտել է որոշման առաջադրվող պահանջները, և բողոքարկվող որոշմամբ անդրադարձել է պաշտպանության կողմից ներկայացված անձեռնմխելիության պաշտպանության փաստարկին և դրա հիման վրա եզրահանգել, որ պետք է դիմել Սահմանադրական դատարան:
«Քոչարյանի կալանքը փոխելու դատարանի համոզմունքի պատրանքային լինելու փաստերը հետևյալն է՝ տուժող կողմը գտնում է, որ դատարանը խախտել է ներպետական և միջազգային նորմերի պահանջը, նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները»,- ասաց Սաֆարյանը:
Նա նշեց, որ քրեական գործի ուսումնասիրությունից կարելի է հաստատուն կարծիք ձևավորել Քոչարյանի ունակությունների մասին: Երբ հարցը դրվում է արդարադատությանը խոչընդոտելու նրա ունակությունների մասին, ապա հաստատուն է ռիսկի իրական, այլ ոչ թե պատրանքային եզրահանգումը:
«Դատավորների զգալի մասը նախկին նախագահ Քոչարյանի կողմից է նշանակվել, և նրանք ակնհայտորեն հակված են նրա շահերի պաշտպանությամբ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելով՝ դատարանը չի ապահովել սուբյեկտիվ դրսևորումների հնարավորությունը, այլ հնարավորություն է տվել նրան անձամբ զբաղվելու այդ հարցերով, ընդ որում, հենց դատարանում Քոչարյանի դրսևորած վարքագիծը չէր կարող դատարանի ուշադրությունից դուրս մնալ և օբյեկտիվորեն հասնել այն համոզման, որ Քոչարյանի վարքի նկատմամբ հնարավոր է վերահսկողություն»,-նշեց Սաֆարյանը:
Վերջինս հավելեց, որ քրեական նյութի գործերը ցույց են տալիս, որ նա կարողացել է ուժային կառույցների բոլոր աշխատակիցների վարքը բոլոր հակաօրինական եղանակներով իր համար ցանկալի ձևով օգտագործել:
«Դատական նիստը ընթացել է կոպիտ խախտումներով՝ մասնավորապես, դատարանը մեղադրյալ Քոչարյանին դիմել է բացառապես «պարոն»-ով: Երկարատև ընդմիջումների ժամանակ նա նրան թողնում էր դահլիճում, որը հակասում է գործող կարգին և դրանով ևս ընդգծվում էր Քոչարյանի կողմից դատական գործընթացի վրա ազդեցության չափը: Այս ամենից հետո չի կարող չգործել հիմնավոր համոզմունք առ այն, որ նա կազդի գործով մասնակցող մյուս անձանց վրա և այդ վարքագծով հանրությանը ցույց տալով իր անպատժելիության չափը:
Դատարանն իր պահվածքով օբյեկտիվ դիտորդի մոտ անգամ չի առաջացրել վստահություն: Դատարանն անգամ անգործություն է դրսևորել Ռոբերտ Քոչարյանի վարքի նկատմամբ իր օրինական լծակները օգտագործելու հարցում»,- նշեց նա:
Սաֆարյանի խոսքով՝ ընդունելի չէ դատարանի այն դատողությունը, թե Քոչարյանը կամովին է ներկայացել է ՌԴ-ից և հարցաքննվել: «Հայտնեմ, որ եթե Քոչարյանը փոքր-ինչ կասկած ունենար, որ իրեն վերագրված մեղադրանքի կապակցությամբ վարույթն իրականացվող մարմինը հանդգնություն և մտադրություն կունենա ապացույցների բավարարության հիմքով մեղադրանք առաջադրելու հարցում, երբեք կամովին չէր ներկայանա քննության, ինչպես Միքայել Հարությունյանը և մյուսները:
Բացի այդ, դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառելի է գտել անձնական երաշխավորությունը և որպես Քոչարյանի երաշխավոր է ընդունել այն անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն սույն քրեական գործի փաստերի և մի շարք ապօրինի հանգամանքների հետ և գործով կարող են ներգրավվել որպես կասկածյալներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և գործող նախագահ Բակո Սահակյանը:










