ԿԳՄՍՆ–ի նախաձեռնությամբ 4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

17:51 • 19.06.19

Հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա: Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները, տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար  կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Նախատեսված են նաև հատուկ դասընթացներ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:

Նշենք, որ 2019 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով  ՀՀ վարչապետի որոշմամբ  ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ճամբարներ մեկնող երեխաների ցուցակագրումն իրականացրել են ՀՀ մարզպետարանները` համայնքներից ստացված հայտերի հիման վրա: