Մոսկվայում ՌԴ ՔԿ-ի մոտ նստացույցերի շարք կանցկացվի հաջակցություն հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերի

16:10 • 19.06.19

Հունիսի 19-ին Մոսկվայում նստացույցերի շարք կանցկացվի հաջակցություն հորը դաժանաբար սպանած Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանների, հայտնում է buro247.ru-ն՝ մանրամասնելով, որ սպանվածը՝ Միխայիլ Խաչատուրյանը, տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության:

Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:

«Ընտանեկան բռնության հարցը լայն իմաստով քաղաքական է, ուստի՝ մենք առաջարկում ենք վաղը, ինչպես նաև մյուս օրերին՝  ժամը 18:00-21:00-ն, պաստառներով նստացույցերի շարքի մասնակցել Քննչական կոմիտեի շենքի մոտ, որպեսզի արտահայտենք մեր դիրքորոշումն ու մեր աջակցությունը հայտնենք: Բռնության զոհերը չպետք է այդ սարսափելի ընտրության առաջ կանգնեն՝ մեռնել տանը բռնացողի ձեռքից կամ բանտ նստել ինքնապաշտպանության համար»,-Facebook-ում նախօրեին գրել են նստացույցերի շարքի կազմակերպիչները:

Բացի այդ, նրանք քաղաքացիներին կոչ են արել առցանց ակցիաներ իրականացնել, դուրս գալ միանձնյա կամ լուռ նստացույցերի, պահանջել մեղադրանքի վերանայում:

Ակցիայի նպատակը ոչ միայն իշխանություններին Խաչատուրյան քույրերի գործը վերանայել ստիպելն է, այլև ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև ընտանիքում կանանց նկատմամբ բռնության դեմ Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագրի վավերացումը:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 19, 18 և 17 տարեկան դուստրերը ձերբակալվել են: