Փորձ է արվել ԼՂ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության ձևաչափից դուրս քննարկման առարկա դարձնել․ «Ադեկվադ դիսկուրս»-ին քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները

15:59 • 20.06.19

Հայաստանում իշխանափոխությունից հետո Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում ինչ-որ քաոտիկ, անհասկանալի վիճակ է։ Այսօր «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական խնդիրներին։

Նրա խոսքով՝ գործընթացն անհասկանալի է թե՛ ներսում, թե՛ Արցախի մեր հայրենակիցների, թե՛ համանախագահ երկրների համար։ Բեքարյանի գնահատմամբ՝ տեղի ունեցավ ինչ-որ գործընթաց, որը որևէ կերպ տրամաբանական հունի մեջ տեղավորել չի ստացվում։

«Փորձ է արվել հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից այլ տեղերում քննարկման առարկա դարձնել։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենյան համաժողովի հետ ձեռք էր բերում հարցն այնտեղ քննարկելու պայմանավորվածություններ։ Ինչի՞ համար, ի՞նչ ակնկալիքով, ի՞նչ նպատակով, երևի մենակ ինքն ու Աստված գիտեն, բայց նա չբացատրեց։ Այլ հարց, որ դա տեղի չունեցավ, բայց միտումը հետաքրքիր էր»։

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, Կարեն Բեքարյան նշեց, որ «այն կարգի ենք Ադրբեջանի հանրությանը պատրաստել խաղաղության», որի արդյունքում տեսնում ենք էսկալացիայի հերթական դրսևորումը․ «Աննկարագրելի  արագությամբ և հաջողությամբ օրակարգի առաջին կետից հետ մղեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները,  որոնց ամբողջ բնույթը կայանում էր նրանում, որ պետք է լինեն միջազգային գործիքներ սահմաններում տիրող  իրավիճակի վերահսկման առումով։ Դա փոխարինեցինք Դուշանբեի պայմանավորվածությամբ»,-շարունակեց Կարեն Բեքարյանը։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ, համաձայնելով Կարեն Բեքարյանի հետ, հավելեց, որ նախկին իշխանությունների ժամանակ Հայաստան-արտաքին աշխարհ հարաբերություններում Հայաստանը 2-3 կարևոր հարց էր առաջարկում աշխարհին։

«Առաջինն անվտանգությունն ու կանխատեսելիությունն էր Հարավային Կովկասում, գիտենք՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված էին հենց դրանով։ Դա ՀՀ-ն և Արցախը հիանալի կատարում էին և որպես պրոդուկտ այդ անվտանգությունը տալիս էին միջազգային հանրությանը, այլ հարց է, որ միշտ չէ, որ մենք թանկ էինք վաճառում այդ անվտանգությունը, բայց ամեն դեպքում խնդիրը կար և այն լուծվում էր հայկական զինված ուժերի կողմից,  դիվանագիտությունն ինչ-որ ձևով դա ներկայացնում էր արտաքին գործընկերներին ու դրանով հանդերձ դառնում էր հետաքրքիր գործոն տարածաշրջանում՝ որպես անվտանգություն ապահովող կողմ»,- մանրամասնեց նա։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսեց առաջնագծում անվտանգության մակարդակի բարձրացման մասին՝ նշելով, որ իրական պատկերն այլ է։

«Բոլորս տեսնում էինք, և սեպտեմբերից մինչ օրս անընդհատ բարձրաձայնում էինք, որ այդպես կոչված հանդարտությունը հակառակ կողմն օգտագործում է էլ ավելի բարենպաստ դիրքերից հետագայում ագրեսիա գործադրելու համար։ Այդ մի քանի ամիսների, այդպես կոչված «հարաբերական անդորրի» գինը վճարվում է առաջնագծում զոհերով։ Ամբողջ խնդիրը նրանում էր, որ իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենն այս պահին ցույց տալ արդյունքներ»,- ընդգծեց քաղաքագետը։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանն էլ խոսեց հայ-ամերիկյան  հարաբերություններից և նկատեց, որ իրավիճակի է փոխվել ոչ միայն ՀՀ-ում, այլև ԱՄՆ-ում, քանի որ նախագահ է դարձել մարդ, որն իր կյանքում որևէ պետական պաշտոն չի ստանձնել։ Ավելին՝ նա գտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրումը շատ հավանական է, այսինքն, եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, ապա առաջիկա տարիներին ՀՀ-ն շարունակելու է աշխատել ԱՄՆ այն իշխանության հետ, որը բավականին պրագմատիկ է։

«Հեղափոխությունը, որը տեղի ունեցավ ՀՀ-ում, եթ տեղի ունենար Օբամայի  կամ Բուշի օրոք, ապա ԱՄՆ-ի հետ որակապես այլ հարաբերություն կունենայինք թե՛ ֆինանսական, թե՛ փոխգործակցության տեսանկյունից։

Թրամփին բացարձակ չեն հետաքրքրում արժեքները, նրան հետաքրքրում է առևտրաշրջանառությունը։ Մի հասարակ հարց է առաջանում՝ կարո՞ղ է ՀՀ-ն ԱՄՆ-ին օգնել Իրանի ու ՌԴ-ի հետ հարցում, բնականաբար ոչ, ինչից էլ բխում է ԱՄՆ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ»,- նշեց Սուրեն Սարգսյանը։