Դատարաններում ներկայացուցիչներ չունենալով՝ որոշեցին վեթինգի ճանապարհով որոշակի մարդկանց ֆիլտրել դատական համակարգից․ Արմեն Սաքապետոյան
ՊԵԿ նախկին փոխնախագահ, իրավաբան Արմեն Սաքապետոյանի խոսքով՝ ցանկացած բարեփոխում պետք է համահունչ լինի նաև հասարակական պահանջներին: Նա նման դիտարկում արեց «Ադեկվադ» հ/կ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի երրորդ նիստի՝ Դատաիրավական համակարգի խնդիրների քննարկման ժամանակ:
«Պետք է ոչ թե սկզբից օրենքները փոխենք, այլ պետք է հանրային գիտակցությունը փոխենք: Հանրությունը պետք է գիտակցի, որ կաշառք տալը վատ է, ապօրինությունը կամ օրենքի խախտումն անթույլատրելի են»,- ասաց նա:
Նա ներկայացրած իր պատկերացումները հայտարարաված դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ՝ բարեփոխումների պահանջը դիտարկելով երկու տեսանկյունից՝ քաղաքական և իրավական:
«Իմ պատկերացմամբ՝ քաղաքական պահանջը ծագեց այն պահից, երբ մեր երկրի ոչ ռեզիդենտ բաժնետերերը գիտակցեցին, որ Ազգային ժողովում և կառավարությունում ունենալով բավարար չափով տեղեր, չունեն այդ ներկայացուցիչները դատական համակարգում, ավելի կոնկրետ՝ դատարանում, հուշեցին իշխանություններին, որ կարող ենք իրականացնել վեթինգը և այդ ճանապարհով որոշակի մարդկանց ֆիլտրել դատական համակարգից և նրանց փոխարեն նշանակել դատավորներ,- ասաց նա՝ նշելով, որ ինքը կարող է ներկայացնել կուլիսային խոսակցություններում նախանշվող դատավորների բնութագիրը,- Իրենց պատկերացրած դատավորը պետք է լինի այնքան ռիսկով, այնքան վստահ, որ օրինակ, ի վիճակի լինի ընդունել այնպիսի հայցադիմում, որ եթե տրանսգենդերը դիմում է դատարանին և պահանջում է, որպեսզի իր երեխայի վերաբերյալ դիմումում նշվի՝« ծնող 1 և ծնող 2», ապա դատարանը, հիմք ընդունելով այդ դիմումը, կայացնի վճիռներ, որ մարդիկ կարողանան օգտվել այս իրավունքներից»:
Անդրադառնալով իրավական պահանջին՝ Արմեն Սաքապետոյանը նշեց, որ այստեղ երկու փուլ եղավ․ նախ իշխանափոխությունից հետո քրեական գործերի հարուցման տեղատարափներ:
«Բայց այդ, քրեական գործերը պետք է ունենային իրենց տրամաբանական շարունակությունը: Ինչպես հայտարարվում էր՝ խնդիրը գողացվածը հետ բերելն էր: Իսկ գողացվածը հետ բերելու համար պետք է կիրառվեին այն իրավական գործիքները, որոնք առկա էին, և դա հիմնականում ապօրինի հարստացմանը վերաբերող հոդվածն է, որը երբեք չէր կիրառվել, ընդունվել էր վերջերս: Այս հոդվածի կամ գույքի բռնագանձում նախատեսող հոդվածի կիրառման արդյունքում դատավորները կամ իրավական համակարգը եկան այն եզրահանգման, որ չեն կարող առկա գործիքներով հասնել այն արդյունքին, որը ուզում են»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ժամանակ մտածեցին գույքի բռնագանձման մի նոր գործիքի մասին:
Ըստ նրա՝ այդ ժամանակ «ոչ ռեզիդենտ» բաժնետերերն առաջարկեցին միջազգային պրակտիկայում՝ Հյուսիսաֆրիկյան երկրներում, Վրաստանում, Ուկրաինայում կիրառվողը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման մասին» օրենքը:
Իրավական պահանջի երկրորդ փուլը, ըստ Արմեն Սաքապետոյանի, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ եղան «ոչ իշխանահաճո որոշումներ» դատարանների կողմից և ստեղծվեց վեթինգի համակարգի ներդրման խնդիրը:










