Ստացվում է՝ դեսպաններին բաժանում ենք առաջին և երկրորդ սորտի. վարչապետը` Ա. Բաբաջանյանի և Ռ. Ռուբինյանի հեղինակած նախագծի մասին
Այսօր կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի հեղինակած օրենսդրական նախագծին: Հարցը ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
«Առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել՝ դարձնելով դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսի չափ, իսկ կարիերային դեսպաններին որպես պարտադիր նախապայման առաջարկվում է աշխատանքային ստաժ`նախաձեռնությամբ 15 տարի էր առաջարկվում, իսկ կառավարությունն առաջարկվում է 10 տարի ժամկետով: Այն դեպքերում, երբ դեսպանի քաղաքական նշանակում է առաջարկվում կառավարության կողմից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին իրավունք է վերապահվում ներկայացնել խորհրդակցական կարծիք»,-ներկայացրեց փոխնախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի էր՝ ինչպես է ներկայացվելու խորհրդակցական կարծիքը: «Դա նշանակում է, որ վարչապետը իր մտադրության մասին պետք է տեղյակ պահի հանձնաժողովի՞ն»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ սա պետք է քննարկել, որ իրավական ճիշտ լուծում տրվի:
«Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը` հասցնելով 15 տոկոսի, հնարավորություն ենք ընձեռում կառավարությանը մանդատի ընթացքում ընդհանուր դեսպանների 7-8 քաղաքական նշանակում իրականացնել»,-ասաց փոխնախարարը:
Վարչապետն արձագանքեց. «Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք: Կներեք, տպավորություն էր, որ կառավարությանը շնորհակալություն պետք է հայտնի, որ այդ հնարավորությունը տալիս եք»:
Նա հարց բարձրացրեց՝ եթե մի մարդ 10 տարի աշխատել է որպես նախարար, պատգամավոր, ԱԺ նախագահ, իրեն դեսպան նշանակելիս պետք է հանձնաժողովը կարծիք տա, իսկ մարդն, ով 10 տարի աշխատել է օրինակ` դեսպանատան կցորդ, իր դեպքում ասում ենք, որ հանձնաժողովը քեզ հարցեր չունի՞:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ թյուրըմբռնում կա, քանի որ բոլորին էր առաջարկվում գնալ հանձնաժողով: Վարչապետը նշեց, որ ինքն է նախաձեռնել քաղաքական նշանակումների դրույթը սահմանափակել, բալանսավորել, բայց այստեղ խտրական մոտեցում է առաջանում: «Այսինքն՝ հակառակ դիսկրիմինացիան ենք անում, և ստացվում է՝ բաժանում ենք առաջին և երկրորդ սորտի դեսպանների և դեսպանության թեկնածուների»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այն կարծիքին չէ, որ տասը տարվա աշխատանքային ստաժը լուծում է խնդիրները:
«Ես այս ընթացքում բազմաթիվ աղաղակող կոպիտ թերություններ եմ տեսել, ես այդ մասին խոսել եմ նախարարների հետ: Ինչ-որ կաստայական կառուցվածքներ են ձևավորվում»,-ասաց նա:
Վարչապետը առաջարկեց հեղինակների հետ նորից քննարկել հարցը: Նա նշեց, որ այսպիսի հարցեր բերելուց պետք է կոնկրետ թվեր ներկայացնել և խորությամբ չեն ուսումնասիրվել: Այսպիսով՝ որոշում կայացվեց նախագիծը դրական եզրակացությամբ ուղարկել Ազգային ժողով` պայմանավորվելով, որ բարձրացված հարցերը մանրամասն քննարկվեն:










