Խարկովի մարզային ոստիկանության պետը խոստացել է ամեն ինչ անել, որ քննությունն անաչառ ընթանա․ Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ հայ ուսանողին պատուհանից ցած նետելու միջադեպի մասին
Մենք մշտական կապի մեջ ենք Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ), մասնավորապես, գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի հետ, ով զբաղվում է Արթուր Մարտիրոսյանի հարցով:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ անդրադառնալով Խարկովում հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի մասին:
«Չափազանց ուրախալի է և հուսադրող, որ Արթուր Մարտիրոսյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Հույս ունեմ, որ բժիշկները կկարողանան ամբողջությամբ ապաքինել նրան: Տեղեկություններ կան, որ բուժումը կարող է առանց վիրահատության անցնել։ Հույս կա, որ նա կբուժվի և կշարունակի սպորտով զբաղվել ու նոր բարձունքներ նվաճել»,- ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Արթուրն Ուկրաինայի քաղաքացի է, Հայաստանի քաղաքացի չէ և իրավական առումով ՀՀ դեսպանությունը սահմանափակված է իր գործողություններում:
«Ինչևէ, քանի որ տուժածը հայ է, խնդիրը բավական մեծ հասարակական հնչեղություն ունի: Հունիսի 18-ին խոսել եմ Խարկովի մարզային ոստիկանության պետի՝ Վալերի Սոկուրենկոյի հետ: Գեներալն ասել է, որ գործի քննությունն իր անմիջական վերահսկողության ներքո է, խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի քննությունն անաչառ և հանգամանալից ընթանա»,- պատմեց դեսպանը՝ հավելելով. «Քանի որ Արթուրի ինքնազգացողությունը բարելավվում է, իր հետ արդեն աշխատում են քննիչները։ Գիտեմ, որ նրա հետ մշտական կապի մեջ են ՈւՀՄ ներկայացուցիչները, այցելել են նրան հիվանդանոցում»:
Դեսպանը դժվարացավ ասել, թե արդյո՞ք միջադեպն ազգամիջյան հողի վրա է տեղի ունեցել: Նշեց, որ դա ցույց կտա քննությունը: Կատարվածի վարկածներ են շրջանառվում, որոնք Սեյրանյանն առայժմ չցանկացավ մեկնաբանել։
Հիշեցնենք, որ 18-ամյա Արթուր Մարտիրոսյանի հայրը պատմել էր, որ իր որդին, որը զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով, հանրակացարանում ընկերացել է նույն սենյակում բնակվող ադրբեջանցի ուսանողի հետ, որը նրան այլ ադրբեջանցիների մասնակցությամբ պիկնիկի է հրավիրել:
Ըստ նրա՝ պիկնիկի ժամանակ որդին վատ է զգացել, գնացել է իր սենյակ: Շուտով նրա ինքնազգացողության մասին տեղեկանալու պատրվակով նրա սենյակ են մտել պիկնիկին նրա հետ եղած ուսանողները: Սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր տեղադրել: Արթուրը հասկացել է, որ իր դեմ թակարդ են լարում և ենթադրել, որ փորձում են իր մոտ թմրանյութ գցել: Նա ձևացրել է, թե իբր չի հասկանում դա:
Հենց որ տղայի նոր ծանոթները հեռացել են, նա կողպել է դուռը և սկսել պատուհանից դուրս նետել նրանց թողած իրերը: Երևում է, դա տեսնելով՝ երիտասարդները վերադարձել են, կոտրել դուռը և ծեծել նրան: Մարտիրոսյանին հաջողվել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, և հենց այդ ժամանակ էլ նրան դուրս են նետել:
Ցած ընկնելուց հետո նա հրաշքով ողջ է մնացել: Տղան սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղին, որի պահակը ոստիկանություն է ահազանգել:










