Սահմանադրությունը պետք է մեկնաբանել բովանդակային, իսկ Վահե Գրիգորյանը խճճվել է տառացի մեկնաբանության մեջ. սահմանադրագետ

18:44 • 20.06.19

Դա Սահմանադրության սուբյեկտիվ մեկնաբանություն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ խոսելով ԱԺ կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, թե ինքը, ընտրվելով այս պաշտոնում, մտնելու է շենք ՍԴ նախագահի պաշտոնում:

«Նման բան չկա, սուբյեկտիվ մեկնաբանություն է»,- ասաց Վ. Այվազյանը:

Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանն ասում էր, որ Սահմանադրական դատարանը իշխանության մարմիններից միակն է, որ շարունակում է գործել անցումային տրամաբանության մեջ, որ այն իր կազմով ունի սահմանադրականության ճեղքեր, որ ինքը ՍԴ դատավոր է, մնացածը՝ ՍԴ անդամներ, Այվազյանն ասաց, որ Սահմանադրությունը պետք է մեկնաբանվի բովանդակային, ոչ թե տառացի, այնինչ «Վահե Գրիգորյանը խճճվել է տառերի մեջ»:

«Չկա նման բան, որ նախկինները անդամ լինեն, ինքը՝ դատավոր: Եթե այդպես լիներ, աշխատավարձ չէին ստանա, աշխատանք չէին անի»,- նշեց Վարդան Այվազյանը:

Ճշտող հարցին՝ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյա՞նն է, սահմանադրագետը պատասխանեց. «Իհարկե»:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

«Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը, այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,-ասել էր Վահե Գրիգորյանը:

Սահմանադրությունը պետք է մեկնաբանել բովանդակային, իսկ Վահե Գրիգորյանը խճճվել է տառացի մեկնաբանության մեջ. սահմանադրագետ